Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերջին 10 տարին անընդհատ հավակնում ենք իշխանության մեջ լինել»,- այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ն ապագա ընտրություններում էլ ակնկալում է լինել մեծամասնություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հասունացող տարաձայնություններին, Ռազմիկ Զոհրաբյանը նշել է, որ այդ տարաձայնությունների մասին մասին ոչ միայն մամուլն է խոսում, այլեւ հասարակական բոլոր շերտերը: «Երբ ես հիշում եմ մեր ժամանակները`Խորհրդային Միության տարիները, հասարակությունը զգուշավոր էր ու չէր արտահայտվում, հիմա որ գյուղը մտնես, խոսում են ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու նախագահի ելույթից: Այսինքն` լավ ինֆորմացված են եւ ցանկացած քաղաքական գործչի հետ կարող են բանավիճել ու նրան սխալ հանել»,- նկատել է ՀՀԿ փոխնախագահը`նշելով, որ ինչ-ինչ տարաձայնություններ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ թեեւ կան, սակայն տարածված լուրերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Ամեն շաբաթ կամ ես, կամ մեր կուսակցության քաղաքական գործիչներից որեւէ մեկը ստիպված է լինում հերքել այդ լուրերը: Այսօր ԲՀԿ-ն հայտարարում է, որ չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից ու մինչեւ նոր ընտրություններ կմնա: Բայց թե հետագայում ինչպիսի դիրքորոշում կընդունեն, իրենք այդ մասին չեն հայտարարում»:
Ռազմիկ Զոհրաբյանը չի հերքում նաեւ նոր քաղաքական դաշինքների ի հայտ գալը: «Մեր պայմաններում շատ հեշտ է հայտարարել, գրանցվել ու ներկայանալ, բայց արդյո՞ք հնարավոր կլինի ազդել քաղաքական դաշտի վրա եւ հասարակությունից ձայներ ստանալ, դա արդեն այլ խնդիր է: Որոշակի վերապահումներով կարող եմ նշել, որ Ժողովրդական կուսակցությունը կարծես ուզում է իրեն դրսեւորել ընդդիմադիր դաշտում: Բայց հնարավոր է, որ կուսակցության հանրահավաքների ու բողոքների մեծ մասը հեռուստաընկերության փակման կապակցությամբ են, եւ չեմ կարող ասել, թե ամռանն ինչ հայտեր կներկայացնի ԺԿ-ն»,- նշել է հանրապետական գործիչը: