կարևոր
946 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 21:31
Հասարակություն

Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են․ Ոսկան Սարգսյան

Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են․ Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են

5 տարում՝ 2021-2026թվականներին Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը բնակելի և հասարակական կառուցապատման հողամասերի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կասկածելի աճուրդներ է անցկացրել։ Նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում «սեռ» գրառման դիմաց «արու» գրած, 2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դ․ Սարգսյանը 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամով վաճառել է հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ առթիվ վարույթ է հարուցել եւ համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։

Իր վարչապետության 7-րդ տարում ՝2025թ․-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համայնքներում ձևական աճուրդներով, էժան գներով հողերի օտարումը թուլյ չտալու մասին։ Սակայն մինչեւ 2020 թվականը պետական կամ համայնքային հող գնելու աճուրդները անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, թեև հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձեւական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար: 2020թ․-ին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ:

Այդ օրենսդրական փոփոխությունից օգտվում են Ն․ Փաշինյանի կուսակից համայնքապետերը, այդ թվում՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, ով բազում աճուրդներ է անցկացրել մեկ մասնակցով։ Համայնքապետ Դ․ Սարգսյանը Դիլիջան քաղաքի հողերը մեկնարկային գնով, ուղղակի վաճառքով օտարում է նաև ընդլայնման ձևով։ Արդյունքում Դիլիջան համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ; Ահավասիկ, օրինակներից մեկը։

Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին են դիմել քաղաքացիներ՝ Եվա Կամոյի Իսկանդարյանը, Մարուսյա Արմենի Ամիրջանյանը և Գայանե Ռազմիկի Դիլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 91 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 9008․8քմ հողամասին կից գտնվող (Թբիլիսյան խճղ․ թիվ 77/7 հասցեի) 3800քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքի ղեկավարը մայիսի 7-ին համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել նշված 3800քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 25 միլիոն 970 հազար 340 դրամ արժեքով օտարել Եվա Իսկանդարյանին, Մարուսյա Ամիրջանյանին և Գայանե Դիլանյանին : Համայնքապետի առաջարկին կողմ են քվեարկել համայնքի ավագանու 12 անդամ»։