կարևոր
586 դիտում, 47 րոպե առաջ - 2026-07-12 15:36
Հասարակություն

Պայծառակերպության տոնի խորհուրդը յուրաքանչյուր հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն. Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Պայծառակերպության տոնի խորհուրդը յուրաքանչյուր հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն. Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի նախաշեմին, Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվի հրավերով, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելեց եկեղեցու երիտասարդաց միության անդամներին։

Այցը սկսվեց Սուրբ Հարություն եկեղեցում կատարված միասնական աղոթքով, որից հետո եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ ջերմ ու անմիջական հանդիպում։

Զրույցի ընթացքում Սրբազան հայրը խոսեց Պայծառակերպության տոնի հոգևոր խորհրդի, ինչպես նաև երիտասարդների՝ եկեղեցական կյանքում ունեցած կարևոր առաքելության մասին։

Մեկնաբանելով Պողոս առաքյալի հայտնի խոսքը, թե «հավատքը լսելուց է», Թեմակալ առաջնորդը նշեց, որ քրիստոնեական կյանքի հիմքը Աստծո խոսքին ականջալուր լինելն է։ Անդրադառնալով Պայծառակերպության ավետարանական դրվագին՝ նա հիշեցրեց Աստծո ձայնը, որ հնչեց Թաբոր լեռան վրա.

«Սա՛ է իմ սիրելի Որդին, Նրա՛ն լսեցեք» (Մատթ. 17:5):

Ռուբեն Սրբազանը շեշտեց, որ Պայծառակերպության տոնի խորհուրդը յուրաքանչյուր հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն, որովհետև հենց Նրանով է պայծառակերպվում, նորոգվում և զորանում քրիստոնյայի հոգին։

Հանդիպման առանձնահատուկ պահերից մեկը Սրբազան հոր երախտագիտության և քաջալերանքի խոսքն էր՝ ուղղված այն երիտասարդներին ու ներկաներին, ովքեր նախորդ օրերին իրենց ակտիվ ու նվիրյալ մասնակցությունն էին բերել Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր բակային ճամբարի կազմակերպչական աշխատանքներին։

Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նրանց եկեղեցանվեր ծառայությունն ու կամավորական ոգին՝ ընդգծելով, որ պատանի սերնդի հոգևոր դաստիարակությանն ուղղված յուրաքանչյուր ջանք Եկեղեցու վաղվա օրվա ամուր հիմքն է։

Հանդիպման ավարտին Ռուբեն Սրբազանը իր հայրական օրհնությունը բաշխեց ներկաներին՝ մաղթելով, որ Թաբոր լեռան աստվածային լույսը մշտապես լուսավորի և առաջնորդի նրանց կյանքի ճանապարհը, զորացնի բարի գործերում և եկեղեցանվեր առաքելության մեջ։