կարևոր
679 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-17 15:40
Հասարակություն

Ունենք բազմաթիվ չաշխատող պոմպակայաններ, ի վերջո ե՞րբ կկարողանանք այդ խնդիրը լուծել․ Գառնիկ Դանիելյանը՝ ՏԿԵՆ նախարարին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կրկին անդրադարձավ ջրօգտագործող ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառման խնդրին և պետական սուբսիդիաների նպատակահարմարությանը։ Նա հիշեցրեց, որ պետությունը ամեն տարի միլիարդավոր դրամներ է հատկացնում այդ ընկերություններին՝ հոսանքի ծախսերը սուբսիդավորելու նպատակով։ Սակայն, պատգամավորի կարծիքով, այդ միջոցների մի մասը կարելի էր ուղղել արևային էներգիայի համակարգերի ներդրմանը։

Դանիելյանը հետաքրքրվեց՝ արդյոք հաշվի առնվել է, թե որքա՞ն ներդրման դեպքում հնարավոր կլինի էականորեն կրճատել կամ ամբողջությամբ փոխարինել սուբսիդավորվող ծախսերը՝ արևային կայանների հաշվին։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է գնահատի՝ վերջին տարիներին ինչ չափի գումար է ծախսել նման դոտացիաների վրա, և հաշվարկի, թե ինչ ծավալի ներդրման միջոցով հնարավոր կլինի հիմնովին լուծել խնդիրը։

Պատգամավորը բերեց նաև գործնական մի դիտարկում՝ նշելով, որ կան պոմպակայաններ, որոնք այսօր չեն շահագործվում հենց հոսանքի բարձր սակագնի պատճառով։ Նրա համոզմամբ, վերականգնվող էներգիայի ներդրմամբ հնարավոր կլինի ոչ միայն այս պոմպակայանները շահագործման վերադարձնել, այլև նոր պոմպակայաններ կառուցել՝ ընդլայնելով ոռոգման հնարավորությունները։

Դանիելյանը կոչ արեց պետությանը մտածել համակարգային լուծման մասին, որը միաժամանակ կապահովի ծախսերի խնայողություն, վերականգնվող էներգիայի տարածում և գյուղատնտեսական հողերի ավելի արդյունավետ ոռոգում։

Մանրամասն՝ տեսանյութում։