կարևոր
466 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-06 13:01
Քաղաքական

Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են և անկախ, քան՝ դուք․ Վարդան Օսկանյանը՝ իշխանություններին

Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նորից անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների հարցին։ Նրա համոզմամբ Հայաստանի իշխանություններն այս հարցը ուզում են ներքաղաքական խնդրի վերածել իրենց դիրքերը պահպանելու, ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար։

«Մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելը։ Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր։ Այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կամ արտաքին գործերի նախարարի ելույթում ինչ-որ ակնարկ անելը այս հարցի համար բավարար չեն», - նշում է նա։

Վարդան Օսկանյանը նշում է, որ մեկ ու կես տարի է՝ տղաները ապօրինաբար Բաքվի բանտում են և Հայաստանի իշխանությունները, վստահաբար, ոչինչ չեն արել։ Դրա ամենավառ ապացույցը այդ մեծ հնարավորության կորուստն է, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը բաց թողեց իր ձեռքից Մալթայում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում՝ իր ելույթում որևէ անդրադարձ չանելով այս հարցին, իր 10 րոպեանոց ելույթում մի բառ անգամ չկար Արցախի, գերիների վերադարձի մասին։

«Պատկերացրեք, 56 նախարարների առկայությամբ կամ նրանց ներկայացուցիչների, Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում, հենց այն կազմակերպությունում, որը ստեղծել է Մինսկի խումբը, որի հովանավորության ներքո երկու տասնամյակից ավել նրանց ներկայացուցիչները բանակցել են Արցախի ներկայացուցիչների, Հայաստանի, Ադրբեջանի հարցին խաղաղ լուծում տալու համար։ Նրանք բազմիցս եղել են Ստեփանակերտում, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի բարձր ներկայացուցիչները, հանդիպել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների հետ, բանակցել են Արցախի կարգավիճակի շուրջ։ Չէր կարո՞ղ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հենց այդ դահլիճում այդ բոլորին հարց տար՝ ձեր ստեղծած կազմակերպության մանդատի ներքո ձեր ներկայացուցիչները հանդիպել են այդ մարդկանց, խաղաղության մասին են խոսել, փորձել են հարցին լուծում տալ, կարգավիճակի շուրջ են խոսել, չէր կարո՞ղ հարցնել։  Չունեի՞ր այդ համարձակությունը, թե՞ մտքովդ չէր անցնում, թե՞ քեզ թույլ չէին տալիս», - ասում է Օսկանյանը։ 

Վարդան Օսկանյանը վստահ է, որ Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են և անկախ, քան՝ ՀՀ իշխանությունը։

«Դուք անկախ չեք, դուք համարձակ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք, որովհետև գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունքն է», ասում է նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։