կարևոր
601 դիտում, 12 ժամ առաջ - 2025-01-30 10:35
Քաղաքական

ՔՊ վարչության նիստում է որոշվել տրանսպորտի գնի փոփոխությունը. Ավինյա՛ն, սիրուն չի. «Ժողովուրդ»

ՔՊ վարչության նիստում է որոշվել տրանսպորտի գնի փոփոխությունը. Ավինյա՛ն, սիրուն չի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման իրենց նախաձեռնությունը 4 անգամ փոփոխած, «կարած-ձեւած» քաղաքային իշխանությունը օրերս հերթական հետքայլը կատարեց՝ 1 ուղեւորությունը 150 դրամ՝ 300-ի փոխարեն դարձնելով:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին նախօրեին պնդում էր՝ հնարավոր չէ որեւէ փոփոխություն թույլ տալ, այդ թվում՝ հնարավոր չէ, որ ուղեվարձը 150 դրամ դառնա, բայց արի ու տես՝ անհնարին ոչինչ չկա: Իսկ ի՞նչն է անդրդվելի ՔՊ քաղաքապետին ստիպել հետքայլ կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հասարակության դժգոհությունների ալիքը խիստ անհանգստացրել է ՔՊ-ին, մի քանի անգամ նեղ կազմով նիստ են արել: Վերջին անգամ նախօրեին կայացած վարչության նիստի ժամանակ Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են ուղեվարձի հարցը եւ հասկացել, որ տրանսպորտային համակարգում ռեֆորմներ անելը հեշտ չի լինի, մարդիկ կբոյկոտեն: Քննարկվել է նաեւ վիճակագրությունը, որ մինչ օրս հանրության քիչ տոկոսն է ձեռք բերել իրենց մշակած տրանսպորտային փաթեթները: Այսպիսով՝ երկար ու բուռն քննարկումներից հետո որոշել են ռիսկի չգնալ ու հասարակության «նյարդերի» հետ չխաղալ, այն էլ՝ ընտրությունների շեմին:

Անգամ «Գելլափ»-ի տվյալներով՝ ռեկորդային ցածր վարկանիշ ունի ՔՊ-ն. եթե այս կիրակի կայանային ընտրություններ, մոտ 11 տոկոսը ընդամենը կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի օգտին»: