Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ՔՊ-ից պահանջելով շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկման առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի ու Mediahub.am-ի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը և հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին։
Հայտարարության մեջ ասված է.
«Երեկ՝ նոյեմբերի 4-ին, «Mediahub.am» լրատվական կայքի խմբագրությունն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարից նամակ է ստացել՝ լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում դադարեցնելու մասին։ Պատճառը հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած սկանդալային ընդհարումն է, որը լուսաբանվել է մի շարք ԶԼՄ-ներում։
Ըստ այդ հրապարակումների՝ երբ ԱԺ շենքում լրագրողը մոտեցել է խորհրդարանի ղեկավարին՝ մեկնաբանություն վերցնելու նպատակով, նրանց շփումը սկզբում ընթացել է կատակներով, սակայն հետո զրույցը վերածվել է փոխադարձ մեղադրանքների, իսկ ավելի ուշ՝ փողոցային բառապաշարով լեզվակռվի։ Կոնֆլիկտը կասեցվել է անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ վերջին տարիներին Ազգային ժողովում հաճախակի են դարձել նման միջադեպերը, երբ պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերություններում հատվում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմանները, և գործնական շփումները վերածվում են անթույլատրելի վեճերի՝ անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորումներով։
Հատկանշական է նաև, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ-ում հավատարմագրումից։ Իսկ անպարկեշտություն, ագրեսիվություն դրսևորող ու պատգամավորական էթիկան կոպտորեն խախտող խորհրդարանականների համար նման միջադեպերը մնում են անհետևանք։ Այդպես եղավ նաև այս անգամ։
Նկատելի է, որ ԱԺ աշխատակազմը Վահե Մակարյանին հավատարմագրումից զրկելիս ջանացել է իրավական հիմնավորումներ բերել դրա համար՝ հղում կատարելով ՀՀ ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքին։ Մինչդեռ, այդ նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «․․․լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»:
Վահե Մակարյանը նախորդ մեկ տարվա ընթացքում որևէ գրավոր նախազգուշացում չի ստացել, մինչդեռ ԱԺ աշխատակազմը մեկ միջադեպում արհեստականորեն երկու խախտում արձանագրելով՝ թույլ է տվել ինքնիրավչություն և խախտել է օրենքը։
Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ մենք պահանջում ենք․
- ԱԺ աշխատակազմից՝ անհապաղ վերականգնել լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում,
- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկման առարկա դարձնել վերոհիշյալ միջադեպը և հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ