կարևոր
4069 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 20:47
Հասարակություն

Պատգամավորը պնդում է, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպը եղել է

Հակառակորդը մոտեցել և կանգնած է Կիրանցի նոր ճանապարհին, որտեղ միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հերքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը, թե միջադեպ չի եղել։

«Գյուղացիներից շատերը խոսել են հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Ադրբեջանը դիմում է մանր սադրանքների՝ ցույց տալով, որ հայ ժողովրդի հետ խաղաղ գոյակցելու ցանկություն չունի»,- նշել է Դանիելյանը։ Նրա գնահատմամբ՝ Տավուշում ոչ թե սահմանազատում է իրականացվել, այլ միակողմանի զիջում:

«Հայկական տարածքների հանձնման դիմաց Ադրբեջանը ոչինչ չզիջեց: Բերքարբերում քաղաքացիները ստորագրահավաք են սկսել 900 հա տարածքի հարցով, որը Փաշինյանը խոստացել է վերադարձնել նրանց, սակայն չի վերադարձել։

Ավելին, Ադրբեջանը Տավուշում տարածքներ ստանալուց հետո նոր պահանջներ է առաջ քաշում՝ նոր տարածքների տեսքով, Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցում և այլն»,- ընդգծել է պատգամավորը։

Նա նշել է, որ այս դեպքերի հետնապատկերում Փաշինյանը գալիս է Տավուշ ու դժգոհություն հայտնում, որ մարդիկ գանգատվում են ստեղծված իրավիճակից։

«Փաշինյանը պրոբլեմ չի համարում, որ Հայաստանի տարածքը հանձնեց թշնամուն: Նույնը նա ասում էր Արցախի մասին՝ առաջարկելով «դրանից պրոբլեմ չստեղծել»։

Միևնույն ժամանակ, Տավուշի բնակչությունը լրջորեն մտահոգված է, քանի որ չի կարող զբաղվել գյուղատնտեսությամբ, ինչը կարող է ժողովրդագրական խնդիրներ ստեղծել բնակչության արտահոսքի առումով։ Անապահով մթնոլորտն ազդում է նաև պոտենցիալ ներդրումների վրա, քանի որ ներդրողները մտահոգված են, որ Կիրանց տանող ճանապարհը Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել։

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Նման պայմաններում իշխանություններն արձակուրդ են վերցնում ու հեծանիվ քշում։ Նման պահվածքը շոկ է առաջացնում»,- եզրափակել է պատգամավորը։

Աղբյուրը` News.am