կարևոր
3700 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 19:24
Հասարակություն

Վրաստան-Ռուսաստան ճանապարհին շուրջ 500 հայկական բեռնատար կա

Վրաստան-Ռուսաստան ճանապարհին շուրջ 500 հայկական բեռնատար կա

Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն հունով:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զբոսաշրջային սեզոնի մեկնարկի պատճառով սահմանի երկու կողմում մեծ հերթեր են գոյացել:

«Հայաստանից 500 բեռնատար է մեկնել Վերին Լարսի ուղղությամբ։ Մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ մյուս մասն արդեն մաքսազերծում է անցնում անցակետում», – ասաց Հակոբյանը։

Նա նշել է, որ Վերին Լարսում օրական շուրջ 150 հայկական բեռնատար է մաքսազերծում անցնում։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողների համար տևում է 2-3 օր։

Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: