կարևոր
4009 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-18 10:09
Հասարակություն

Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»

Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմները իրավապահներին բանավոր կերպով դիմել են՝ հորդորելով ցույց տալ իրենց տարածքի պայթյունի գործով ենթադրյալ հանցագործի լուսանկարը, որպեսզի հասկանան, թե ով է նա, սակայն իրավապահները մերժել են՝ նշելով, թե խիստ քննություն է, ուստի պաշտոնապես պետք է դիմեն, որից հետո կքննարկեն ու կորոշեն՝ կարող են ցույց տալ գործով ենթադրյալ մեղադրյալին, որն իրենց խանութի տարածքում պայթուցիկ է տեղադրել:

Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են հայտարարել եւ մինչ օրս փնտրում են։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, թե ով է հետախուզվողը. նա Երեւան քաղաքի բնակիչ Գարեգին Վ.-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անունը տվել են ՔՊ գրասենյակի, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկների գործով կալանավորվածները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույզում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, մեզ ամիսներ առաջ հայտնել էր, որ իրեն կամ որդիներին չեն հրավիրել հարցաքննության։ Ըստ նրա՝ հետախուզվողին չեն ճանաչում, անգամ անվան ու ազգանվան առաջին տառն էլ իրենց ոչինչ չի ասում։

Նշենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Գ. Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի եւ Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ. Ս.-ից եւ ինքնությունները դեռեւս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաեւ 42-ամյա Գ. Վ.-ն:

Բացի դրանից՝ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ վերջինս, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց եւ քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձանց հետ, կազմակերպել է Հայկ եւ Նաիրի Սարգսյանների հորը՝ Զ. Սարգսյանին պատկանող, Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունը:

Փաստ է մեկ բան, որ 2 տարի անց իմացան, թե ով է իրականացրել պայթյունը, բայց գործը այս պահին «օդից կախված է». ենթադրյալ հանցագործը իր գործողությունն արել է 2 տարի առաջ ու անհետացել։ Նկատենք, որ այս պայթյունների գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչները»։