կարևոր
2320 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-09 00:10
Աշխարհ Հասարակություն

Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը, ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպությունը, Հայ Օգնության Միության և «Համազգային» համահայկական կրթական մշակութային միության Ռուսաստանի կազմակերպությունները, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Մոսկվայի մասնաճյուղը, «Դեպի Արարատ» հասարակական կազմակերպությունը և «Ապավեն» համառուսաստանյան բարեգործական շարժումը միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրհնությամբ մեկնարկած պայքարին և իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում հանուն հայրենիքի և արժանապատվության ծավալվող շարժմանը։

Խստիվ դատապարտում ենք ՀՀ գործող իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելուն ուղղված հակաիրավական և հակապետական քաղաքականությունն ու գործողությունները, որոնց հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ջլատումն ու պետականության կազմաքանդումն է։

Միանալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ծավալված և հանուն հայրենիքի մղվող պայքարին՝ սատարու’մ ենք այս օրերին արդարացի պահանջով ընդվզած տավուշցիներին, այդ պայքարին միացած ու միացող աշխարհասփյուռ հայությանը, և կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ ատելության խոսքի տարածումից, բռնաճնշումներից և ապօրինություններից։

Հայ ժողովուրդն իրավունք ունի չզիջել իր կենսական տարածքներն ու անվտանգությունը մի ցեղասպան պետության, որը հայրենազրկել է ավելի քան հարյուր հիսուն հազար արցախցիների, որն այսօր էլ բանտերում խոշտանգում է տասնյակ գերիների, շարունակում է զավթած պահել մեր ինքնիշխան տարածքները, շարունակում է ոչնչացնել մեր եկեղեցիներն ու գերեզմանները հայաթափված Արցախում և չի՜ ընդունում մեր գոյության իրավունքը՝ Հայաստանի հանրապետության ներկա տարածքը համարելով Արևմտյան Ադրբեջան։

Կո’չ ենք անում աշխարհասփյուռ հայությանը միաբանվել և կասեցնել այս պետականակործան ընթացքը, քանի որ գիտակցում ենք, որ սփյուռքի կենսունակության և հզորության միակ երաշխիքն ու գրավականը կենսունակ և հզոր Հայկական պետականությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

ՀՅԴ Ռուսաստանի Կոմիտե

Հայ Օգնության Միության Ռուսաստանի կազմակերպություն

«Համազգային» համահայկական կրթական մշակութային միության Ռուսաստանի կազմակերպություն

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Մոսկվայի մասնաճյուղ

«Դեպի Արարատ» հասարակական կազմակերպություն

«Ապավեն» համառուսաստանյան բարեգործական շարժում

Մոսկվա, 08 մալիսի 2024