կարևոր
6604 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-06 11:12
Հասարակություն

Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը

Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը

Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միությունը և Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ համայնքը խորին մտահոգություն ու անհամաձայնություն են հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ ու միակողմանի, ՀՀ Սահմանադրությունը ոտնահարող, միջազգային չափանիշներին չհամապատասխանող, սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո՝ ՀՀ գործող իշխանությունների անհեռատես ու պարտվողական քաղաքականության արդյունքում:

Աչքի առաջ ունենալով Արցախի հանձնման ու հայաթափման ցեղասպան իրականությունը, ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն անպայքար և անհիմն հանձնելու փաստը, սեփական ժողովրդին թշնամու կողմից պատերազմով սպառնալու գործելաոճը, Սփյուռքում բնակվող հայությունը, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայրենիքի կողքին և համարվում է հայության  մի մասնիկը, բարոյապես  չի կարող և իրավունք չունի իր հայրենակցին միայնակ թողնելու և անտարբեր լինելու Հայրենիքի մասնատման ու քայքայման գործընթացի նկատմամբ:

Այլևս անհնար է հանդուրժել, իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանության ուժայինների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ու քաղաքական ձերբակալությունները:

Առավել ևս անթուլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը և կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունն ու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ուրարտու Հայ-Չեխական միությունը և Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ համայնքը հայտնում են իրենց անհամաձայնությունը գործող իշխանությունների կողմից տարվող հակասահմանադրական գործառույթների վերաբերյալ և լիովին սատարում են «ՏԱՎՈՒՇԸ  ՀԱՆՈՒՆ  ՀԱՅՐԵՆԻՔԻ» համաժողովրդական շարժմանը:

Ուրարտու Հայ-Չեխական միություն

Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ համայնք