Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ.
- Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ 30%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 և 77 անգամ։
- Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թվականին շուրջ 16%-ով աճել են 2021 թվականի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։
- Էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է: Մինչդեռ սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը:
Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ.
- Ի տարբերություն սիգարետների և էլեկտրոնային ծխախոտների՝ տաքացվող ծխախոտը չի ներառվում Հարկային օրենսգրքով սահմանվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Հանձնաժողովը գտնում է, որ ոլորտում հավասար և բարեխիղճ մրցակցային պայմանների, ինչպես նաև հարկային վարչարարության պատշաճ իրականացման և ԵԱՏՄ գործող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից նպատակահարմար է տաքացվող ծխախոտը ևս ներառել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։
- Տաքացվող ծխախոտային արտադրանքը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ, սակայն շարունակում է կարգավորվել ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգով։
- Թեև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության տրամադրման համայնքի ղեկավարի լիազորությունը, սակայն որևէ իրավական ակտով չի կարգավորվում թույլտվության տրամադրման գործընթացը։
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հանձնաժողովի կայքում։