Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել․
«Խիստ մտահոգությամբ ենք անդրադառնում պատերազմի նահատակ հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի գործին, ով դատական իշխանության կողմից ենթարկվում է կալանքի անարդարացի և անհամաչափ կիրառման։
Գարիկ Գալեյանը, ում առաջադրվել են ոչ ծանր հանցանքների մեղադրանքներ, սկզբում կալանավորվել է, այնուհետև խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։
Դատավարության ընթացքում դատարանի համար ակնհայտ է դարձել, որ Գալեյանն առողջական խնդիրներ ունի, բացի այդ դատական քննության ընթացքում ենթարկվել է վիրահատության։
Չնայած առողջական վիճակի հետ կապված այս հստակ մտահոգություններին՝ դատարանը որոշել է երկարացնել նրա տնային կալանքը ևս երկու ամսով՝ արդյունքում նաև զրկելով վերջինիս «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցերից։ Հակառակ մեղադրանքի կողմից առարկությունների բացակայությանը՝ դատարանը պահանջել է, որ յուրաքանչյուր այց նախապես քննարկվի դատական նիստում։
Դժբախտաբար, այս որոշումից ընդամենը երկու օր անց Գարիկը հոսպիտալացվել է «սրտի կաթված» ախտորոշումով և ներկայում գտնվում է հիվանդանոցում։
Իրադարձությունների այս շարքը ոչ միայն ընդգծում է դատական իշխանության կողմից խափանման միջոցների անհամաչափ և պատժիչ կիրառումը, այլև լուրջ հարցեր է հարուցում մարդու իրավունքների և արդարադատության պահպանմանն ուղղված՝ դատական իշխանության հանձնառության վերաբերյալ: Դատարանի կայացրած որոշումները չեն կարողացել ապահովել բավարար փաստարկներ, որոնք կհամոզեն հասարակությանը, որ տնային կալանքը բացարձակապես անհրաժեշտ է եղել` հաշվի առնելով Գալեյանին առաջադրված մեղադրանքների հանգամանքները և վերջինիս առողջական վիճակը:
Փոխարենը, կալանքն ակնհայտորեն կիրառվում է որպես պատժի ձև, այլ ոչ թե օրինական խափանման միջոց: Սրա վառ վկայությունն է նաև այն, որ դատարանը՝ չարձանագրելով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկեր, սահմանափակել է Գալեյանի կապն արտաքին աշխարհի հետ։
Ավելին, կալանքի և տնային կալանքի նման անարդար կիրառման դեպքերը կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել, ինչի մասին վկայում է Գալեյանի առողջական վիճակի վատթարացումը։
Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին և դատական իշխանությանը վերանայել կալանքի նկատմամբ իրենց մոտեցումը և ապահովել, որ այն օգտագործվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան։
Կալանավորումը երբեք չպետք է օգտագործվի որպես պատժի միջոց, իսկ ազատության սահմանափակման յուրաքանչյուր դեպք պետք է ունենա խիստ համոզիչ փաստակազմ։
Բացի այդ, դատական իշխանությունը պետք է ավելի կարեկից և նրբանկատ վերաբերմունք դրսևորի այն անհատների նկատմամբ, ովքեր արդեն իսկ ահռելի կորուստներ են կրել՝ հանուն պետության բարօրության:
Գարիկ Գալեյանին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»։