կարևոր
5905 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 15:28
Իրավական

Վստահեցնում եմ, որ թե՛ երաշխավորողները, թե՛ Արմեն Աշոտյանը լիարժեքորեն կատարելու են բոլոր պարտականությունները․ Արծվիկ Մինասյան

«Արմեն Աշոտյանին ճանաչում եմ շատ վաղուց, ամբողջովին վստահ եմ, համոզված եմ, կյանքի փորձով  հաստատում եմ այն մոտեցումը, որ  Արմեն Աշոտյանը պարտաճանաչ  է ,  խուսափելու է որևէ վարքագիծ դրսևորելուց, որը հակաօրինական կարող է ընկալվել»,-այս մասին դատարանում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հատկանշելով․ «Վստահեցնում եմ, որ թե՛ երաշխավորողները, թե՛ Արմեն Աշոտյանը լիարժեքորեն կատարելու են, օրենքով ու սահմանադրությամբ նախատեսված,  բոլոր պարտականությունները»

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի վերաբերյալ գործով դատական նիստը։

Դատարանն այս պահին քննում է կալանքը փոփոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նաև նշենք որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը։