կարևոր
4549 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-03 17:48
Քաղաքական

Ինչպես են հանձնել Արցախը․ Արտակ Զաքարյան

Ինչպես են հանձնել Արցախը․ Արտակ Զաքարյան

Այն, որ Հայաստանի իշխանությունը ոչ մի երկրի քաղաքական կամ հանրային կուլիսներում հարգանք ու վստահություն չի վայելում` կարծում եմ նորություն չէ:

Այո´, փաստ է, որ կապիտուլյանտի մեծագույն դավաճանություններից էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, բայց Ռուսաստանի գործունեությունն էլ (ավելի ճիշտ` անգործությունը) կոչվում է թիկունքից հարված Արցախի ժողովրդին:

Այո´, փաստ է, որ Նիկոլը, որպես հայկական պետականության «ղեկավար», ցեղասպանական ագրեսիայի առջև բացարձակ անպաշտպան թողեց հայ ժողովրդի մի հատվածին: Սակայն պետք է նաև հստակ ասել, որ ՌԴ-ն ինքն է ձախողել իր խաղաղարար առաքելությունն Արցախում և կորուստը միայն Նիկոլի դավաճան գրպանը գցելով հարցը չի լուծվում: Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ նման կերպ վարվեր 44-օրյա պատերազմից հետո իրեն անվերապահ վստահած արցախահայության նկատմամբ:

Ակնհայտ է, որ Հայաստանի «հեղափոխական» իշխանության վրա մաքրվում են տարածաշրջանի բոլոր «կոշիկների կեղտերը»: Որովհետև դա է նրանց իշխանության մնալու գինը:

Նույնը նաև ԱՄՆ պարագայում է:

Արցախի բռնի հայաթափումից ու ցեղասպանական սպառնալիքից ուղիղ հինգ օր առաջ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարում է, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»:

Հանդուրժե՞ց: Իհարկե´ հանդուրժեց, որովհետև Հայաստանի իշխանությունները թուլամորթ, անվստահելի ու վախկոտ դավաճաններ են: Որտե՞ղ եք տեսել, որ թուլամորթը կամ դավաճանը լինի վստահելի գործընկերներ, էլ չեմ ասում` ընկեր: Նույնիսկ մեր բարեկամ Ֆրանսիան է մերժել Ադրբեջանի դեմ սանկցիաների գաղափարը:

Խաբե՞ց ԱՄՆ-ը հայ ժողովրդին: Անշուշտ խաբեց: Որտեղ է գրված, որ ռուսները կարող են խաբել, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները` ո՞չ: Ինչո՞վ են նրանք ավելի լավը, կամ վատը: Եթե մի երկրի իշխանությունը Նիկոլն ու նամուսից զուրկ ՔՊ-ն է, ԱԳՆ-ն` Արարատը, ՊՆ-ն` Սուրենը, իսկ նրանց «հենարանը»` ստամոքսով մտածող զանգվածը, բնականաբար ոչ ոք մեր երկրին լուրջ չի վերաբերելու:

Արցախում էթնիկ զտումներ «չհանդուրժած» ԱՄՆ-ը պետդեպը, երեկ էլ «դարձավ» ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մոլեռանդ պաշտպանը:

Առանց այդ էլ հոգեբանական ծանր մթնոլորտ է երկրում, և չեմ ցանկանում հեռուն գնացող վատ կանխատեսում անել: Սակայն օդում կախված ռազմական էսկալացիայի վտանգը չի կարելի չտեսնել: ԱՄՆ պետդեպը հենց դա է ազդարարել` ասելով, որ պատրաստ եղեք թուրք-ադրբեջանական նոր ներխուժման: ԱՄՆ ու ՌԴ-ն բնականաբար այս անգամ ևս ոչինչ չեն անի այնպես` ինչպես հայ ժողովուրդն ակնկալում է:

Մի բան հստակ է` Նիկոլին հանդուրժող ժողովուրդը պետք է պատրաստ լինի մեռնելու, հայրենազրկվելու, հալածվելու, նսեմացվելու, խաբվելու և կորցնելու: Մենք որպես ազգ` ոչ մի երկրի քննադատելու իրավունք չունենք:

Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ մարդիկ փորձում էին մեղադրել «պատերազմի կուսակցություն» լինելու մեջ` առանց հասկանալու, որ իսկական խաղաղությունը հենց «պատերազմի կուսակցություն» լինելու մեջ է: Հայաստանն իրական խաղաղություն է ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Թուրքի հետ խաղաղության ջատագով Լևոն Տեր Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները պատմության մեջ կմնան որպես պատերազմի տարիներ, մի մեծ տարբերությամբ` Լևոնը պատերազմ հաղթող էր, Նիկոլը` ազգակործան պատուհաս:

Այնպես որ խաղաղությունից խոսելը դեռ չի նշանակում, որ թշնամիդ քեզ արդեն «ապրելու իրավունք է տվել»:

Պատերազմը միշտ գալիս է այն ժամանակ, երբ դու պատրաստ չես: Նիկոլով ու նրան շրջապատած սորոսածին աղբով մենք երբեք ոչ մի սպառնալիքի դիմագրավել չենք կարողանալու: Առաջիկայում Հայաստանի համար ավելի մեծ աղետ է նախապատրաստվել, իսկ սրանք դեռ շարունակում են «խաղաղության» ու ինչ-որ անհայտ «խաչմեռուկների» մասին հեքիաթներով խաբել միամիտ ժողովրդին:

Վտանգված ու խաբված ժողովրդի ենթագիտակցությունից պետք է մեկընդմիշտ արմատախիլ անել նիկոլիզմի կործանարար ախտը:

Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար