կարևոր
2698 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-18 14:42
Քաղաքական

Թիրախում Սյունիքն է. պատժելու փոխարեն ԱԱԾ-ն կոչ է անում Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան

Թիրախում Սյունիքն է. պատժելու փոխարեն ԱԱԾ-ն կոչ է անում Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքին և նշել.

«Խիստ անհանգստացած և մտահոգված եմ գիշերը Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակված կրակոցների լուրից, զայրացած՝ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության բնույթից։

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։

Զավեշտալին այն է, որ ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է Ադրբեջանի հետ համատեղ քննություն անցկացնելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի իշխանություններին կոչ անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։

Ստացվում է, որ թշնամին կրակոցներ է արձակում ՀՀ սուվերեն տարածքում գտնվող օդանավակայանի ուղղությամբ, իսկ մեր սահմանապահ զորքերը, զինված ուժերը, ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ոչինչ չեն ձեռնարկում թշնամուն վնասազերծելու համար։ Փոխարենը՝ կոչերով դիմում են Ադրբեջանին։

Ինչպե՞ս եք այս ամենից հետո Սյունիքում ապահովելու թռիչքային անվտանգությունը, օդանավակայանի անխափան և անվտանգ աշխատանքը։

Վստահ եմ, որ Իջևանում թուրքի հայտնվելը, Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները հերթական սադրանքների շարքից չէին։

Անվտանգային համակարգը տապալած, մեզ անպաշտպան թողած իշխանությունները հակառակորդին չպատժելով միայն գրգռում են նրա ախորժակը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։