կարևոր
2002 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-04 11:57
Քաղաքական

Կարեն Անդրեասյանն այլեւս չի թաքցնում, որ Փաշինյանի հրահանգներն է կատարում․ «Հրապարակ»

Կարեն Անդրեասյանն այլեւս չի թաքցնում, որ Փաշինյանի հրահանգներն է կատարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի շենքի բակում դատավոր Դավիթ Հարությունյանին աջակցելու էր եկել նաեւ արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը, ում լիազորությունները ԲԴԽ-ն վերջերս դադարեցրել էր այն նույն հիմքով, ինչով Դավիթ Հարությունյանինը։

Հիշեցնենք, որ այս դատավորներն ընդամենը իրենց կարծիքն էին հայտնել ԲԴԽ որոշումների հետ կապված, օգտվել էին խոսքի ազատության իրենց իրավունքից։

- Տիկին Նախշքարյան, Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցրին այն նույն հիմքով, ինչով որ Ձեր լիազորություններն էին դադարեցրել։ Եթե ամփոփեք տեղի ունեցածը, ապա ինչպե՞ս կգնահատեք ԲԴԽ-ի գործողությունները։

- Կարծում եմ՝ պարոն Հարությունյանն այդ ողջ օրերի ընթացքում մանրամասն հարցազրույցներ տվել է, եւ դրան անդրադարձ կատարել եմ նաեւ ես։ Կարծում եմ, որ պատասխանատվությունը բոլոր դեպքերում վրա է հասնելու ԲԴԽ բոլոր այն անդամների համար, ովքեր այս որոշման տակ ստորագրել են։

- Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը՝ քրեակա՞ն, թե՞ բարոյական։

- Դա ժամանակը ցույց կտա, բայց այդ պատասխանատվությունը լինելու է։ Ճիշտ է՝ հիմա ԲԴԽ տվյալ կազմի դատավորները կարծում են, որ իրենք հավերժ են ԲԴԽ-ում եւ դատավորի իրենց աթոռներին, բայց դա այդպես չէ։ Իրենք պետք է հասկանան, որ յուրաքանչյուր որոշման համար անհատական պատասխանատվության են ենթարկվելու։

- Դավիթ Հարությունյանը նշեց, որ դիմելու է ՄԻԵԴ, Դուք արդեն դիմել եք։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ շեշտադրումներով եք դիմել՝ կոնկրետ ո՞ր իրավունքների խախտումների վերաբերյալ։

- Մի շարք խախտումներ ենք մատնանշել՝ թե՛ կազմի հետ կապված, թե՛ խոսքի ազատության սահմանափակման հետ կապված եւ թե՛ խտրական վերաբերմունքի։ Ինչպես գիտեք, առաջնահերթություն է տրվել։

- Այսինքն՝ ՄԻԵԴ-ը շտա՞պ է քննելու, որոշումը շո՞ւտ է լինելու։

- Այո, առաջնահերթություն է տրված, առավել կարճ ժամկետներում է քննվելու, այլ ոչ սովորական ընթացակարգով։ Ոչ միայն իմ բողոքը, այլեւ, եթե չեմ սխալվում, 9 դատավորի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

- Եթե ՄԻԵԴ-ը հօգուտ Ձեզ վճիռ կայացնի, ապա ի՞նչ հետեւանք է դա ունենալու․ փոխհատուցո՞ւմ են վճարելու, թե՞ վերականգնելու են դատավորի պաշտոնում։

- Երկուսն էլ։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ բնույթի են ԲԴԽ-ի կողմից թույլ տրված խախտումները։

- Բոլոր դեպքերում կարգապահական պատասխանատվության համար միանշանակ հիմքեր կան։

- Այսինքն՝ այն նույն իրավիճակում, երբ Դուք էիք կանգնել ԲԴԽ-ի առջեւ, եւ Ձեր դեմ միջնորդությունն էր քննվում, Կարեն Անդրեասյանն ու մյուսնե՞րն են կանգնելու։

- Համոզված եմ դրանում։ Կարծում եմ, որ շրջադարձի օրենքը դեռ ոչ ոք չի բեկանել։

- Տիկին Նախշքարյան, ի վերջո, ըստ Ձեզ, ինչո՞ւ են ուզում փորձառու դատավորներից ազատվել։

- Դատական համակարգը ցանկանում են ենթարկեցնել ԲԴԽ-ի եւ անձամբ Կարեն Անդրեասյանի կամքին։

- Սա Կարեն Անդրեասյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի կամքն է։

- Չեմ կարող ասել, բայց Անդրեասյանն այլեւս չի թաքցնում, որ այդպես է։

- Այսինքն՝ նա քաղաքական թիմի անդա՞մ է։

- Դե այն, որ քաղաքական թիմի անդամ է եւ հենց այդ կարգավիճակով էլ ԲԴԽ կազմում ընդգրկվել է, այլեւս փաստ է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում