կարևոր
4240 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 18:40
Հասարակություն

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց. ԲԴԽ-ն նոր դատավոր անդամներ ունի

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց. ԲԴԽ-ն նոր դատավոր անդամներ ունի

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։

Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք։

Նշենք, որ 2 օրից լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի ՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվի։

Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը եւ Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, մարտի 20-ին՝ ԲԴԽ նիստից հետո, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին ասել է, որ Արշակ Վարդանյանը որեւէ տարբերակով ԲԴԽ անդամ չպետք է դառնա: Երեկ էլ մամուլում լուր տարածվեց, որ ԲԴԽ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ, ինչին հրապարակային պատասխան է տրվել ԲԴԽ խոսնակը:

«Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների եւ դրական զարգացումների նկատմամբ»,- հայտարարել էր խոսնակը: