Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եռօրյա սուգ է հայտարարել երկաթուղային վթարի հետ կապված, տեղեկացրել է վարչապետի մամուլի ծառայությունը։
Գնացքները բախվել են Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի փոքրիկ քաղաքում։ Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի, կեսգիշերին մոտ, առայժմ չպարզված հանգամանքներում, Էվանգելիզմոս կայարանում, որը գտնվում է Աթենքից 200 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։ Բախման հետեւանքով հրդեհ է սկսվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, հիվանդանոցներ է տեղափոխվել 66 հոգի, նրանցից վեցը վերակենդանացման բաժանմունքում է։
«Վարչապետի որոշմամբ հայտարարվել է եռօրյա ազգային սուգ՝ 2023թ. մարտի 1-3-ը, Թեմպիում երկաթուղային վթարի զոհերի առիթով, բոլոր հանրային շենքերում կիջեցվեն դրոշները, կչեղարկվեն զանգվածային տոնական միջոցառումները»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Տեղեկացվել է, որ Միցոտակիսը մեկնում է Լարիսա՝ ողբերգության վայր։
Կառավարության մամուլի քարտուղար Յանիս Իկոնոմուն տեղեկացրել է, որ իրավասու մարմիններն արդեն սկսել են հետաքննել արտակարգ դեպքը՝ պարզելու համար այն հանգամանքները, որոնցում հակառակ ուղղությամբ ընթացող երկու գնացք հայտնվել են նույն ուղղության վրա երկար կիլոմետրեր։
Իկոնոմուն ասել է, որ ներկա պահին առաջնահերթ է համարվում տուժածներին օգնություն ցուցաբերելը, զոհվածների ինքնությունը պարզելը եւ անհետ կորածների որոնումը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցությունը զոհերի հարազատներին։