կարևոր
3991 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 09:18
Քաղաքական

Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից. «Ժողովուրդ»

Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մշտապես «ազատ ընտրության իրավունքի» մասին ճամարտակող ՔՊ-ականներն այլեւս վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների». բոլորը շարժվում են բացառապես «վերեւից», այսինքն՝ Փաշինյանի կողմից իջեցված «հրահանգով»: Ասել է թե՝ Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից: Սրա մասին են վկայում ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները:

ՔՊ-ն 2 օր առաջ միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: ՔՊ-ական 71 պատգամավորից 68-ը գնացել եւ անշեղորեն կողմ է քվեարկել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: 3 պատգամավոր էլ քվեարկությանը չի մասնակցել «հարգելի պատճառով». նրանցից մեկը՝ Մարիամ Պողոսյանը, գործուղման է, իսկ Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը տեղեկացրել են, որ հիվանդ են:

Մյուս բոլոր պատգամավորներին հրահանգվել է առանց որեւէ պատճառաբանության գալ ու պարտադիր մասնակցել քվեարկություններին:
Արմեն Չարչյանի դեպքում եւս գրեթե նույն պատկերն էր. 68 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր. Չարչյանը անձեռնմխելիությունից զրկվեց 67 կողմ ձայնով: Խմբակցությունը հիմա ընկած ման է գալիս, թե ով է այդ մեկ պատգամավորը, որը, թեկուզ ոչ միտումնավոր, «գծից շեղվել է»: ՔՊ-ում չեն բացառում անգամ, որ քվեաթերթիկը միտումնավոր է դատարկ թողնվել. իրենցից ինչ-որ մեկը չի ցանկացել կողմ քվեարկել Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն:

Իշխանականները նույն տրամաբանությամբ նաեւ իրենց թիմակից Սարգիս Խանդանյանին ընտրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. այս դեպքում էլ 68 պատգամավոր, առանց բացառության, կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թե՛ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու, թե՛ Խանդանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության ներսում, սակայն Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները գնացել եւ, անկախ իրենց կամքից, կողմ են քվեարկել այս որոշումներին: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ստանձնել է գործադիրի «սուրհանդակի» դերը, պատգամավորներին փոխանցում է նրա հրահանգը, որն էլ ՔՊ-ականները առանց շեղվելու կամ հակառակվելու կատարում են:

Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝ իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որեւէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում: Պարզվում է, սակայն, ՔՊ-ում իրավիճակ է փոխվել. որեւէ պատգամավոր այլեւս իրավունք չունի իր կամքով ընտրություն կատարել, ամեն բան արվում է բացառապես Փաշինյանի հրահանգով: Ստացվում է՝ իշխանական պատգամավորները դարձել են «կոճակ սեղմողներ», ինչի համար բազմիցս մեղադրել են իրենց սիրելի ՀՀԿ-ին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում