կարևոր
21784 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 18:49
Հասարակություն

Երեկ երեկոյան զորամասի կացարանում բենզին չի եղել. դասակի հրամանատար

Երեկ երեկոյան զորամասի կացարանում բենզին չի եղել. դասակի հրամանատար

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել  15 զինծառայող, ևս 7-ը վիրավոր է։

«Քիչ առաջ զոհված զինծառայողներից մեկի հայրն էր այստեղ, ասաց՝ ո՞ւր ա տղես։ Անպատասխան հարց տվեց, չկարողացա պատասխանեմ, դա արդեն 6-րդ ծնողն էր։ Աստված գիտի՝ մնացածը գալուց ինչ հարց կտան»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց դասակի հրամանատարը։

Լրագրողը հարցրեց ՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Կառավարության նիստում հնչած վարկածը, ըստ որի՝ փորձ է արվել հինգ լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ։

«Դա մենակ վարկած ա, չեմ կարող ասել։ Զոհերի թիվը շատ է, ավելի լավ է՝ կոնկրետ վարկածներով չխոսենք։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որոնք չեմ կարող բարձրաձայնել»,- ասաց դասակի հրամանատարը։

Լրագրողից մեկն էլ նշեց, որ քննադատության առիթ է դարձել այն, որ Գլխավոր շտաբի պետը հրամայել է հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանել, սակայն դա չի պահպանվել։

«Բանակի թուլացումը, այսպես ասած, բառդակը գալիս ա բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ, սրանից հետո ինձ ինչ ուզում են թող ասեն կամ անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև երբ չես կարողանում ծնողներին պատասխան տալ, դրանից վատ բան չկա»,- պատասխանեց դասակի հրամանատարը։

-Բանակում տիրող բառդակի պատասխանատուներն ովքե՞ր են,- հարցրեց լրագրողը։

-Բոլորս,- հնչեց պատասխանը։

Դասակի հրամանատարը տրամաբանական չհամարեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատումն՝ առանց քննությանը սպասելու։

«Պետք է քննությունը մինչև վերջ տարվի, և մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ զինվորները ջեռուցման համար ցախ, քարածուխ են օգտագործում, քանի որ գազամատակարարում գյուղում չկա։

Դասակի հրամանատարին հարցրին՝ արդյոք երեկ երեկոյան եղե՞լ է դեպքի վայրում, բենզին կամ այլ վառելիք եղե՞լ է այնտեղ։

«Եղել եմ, չի եղել, եթե, օրինակ, լիներ էլ, ես չէի թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ հետևանքները, որ կարող էր լինել»,- հայտնեց նա։

Դասակի հրամանատարի խոսքով՝ վաշտի հրամանատարն ու ծառայության պետն այս պահին ռազմական ոստիկանությունում են։ Պաշտպանության նախարարը դեպքի վայրում չի եղել։