Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքենիսի դրոցում դասադուլն այսօրվանից դադարեցվել է, դպրոցի նախկին տնօրենը հայտարարությամբ է հանդես եկել և հորդորել է ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին ուղղարկեն դպրոց։ Դպրոցում այսօրվանից դասերը նորմալ հունով ընթանում են, մանկավարժներն այդ մի քանի օրվա բաց թողնված դասերը լրացնում են։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ էր։ Մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում էր դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։
Մաքենիսի դպրոցի նախկին տնօրենը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այնուամենայնիվ պայքարն ուժի մեջ է մնում․ «Երևույթը ծնողների և աշխատակազմի կողմից աընդունելի է, սակայն երևույթի պատճառով չպետք է տուժեն երեխաները։ Մարդիկ չեն հաշվտվում այն իրողության հետ, որ դրսից գալիս ու առանց հիմքի դեմ են քվեարկում և գնում»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նշենք, որ շուրջ մեկ տարի է` Ադամ Մխիթարյանը հանդիսանում է տնօրենի միակ թեկնածուն և իր թեկնածությունը պաշտպանում են և՛ մանկավարժական խորհուրդը, և՛ ծնողխորհուրդը։ Դպրոցում 14-րդ անգամ է մրցույթ եղել, քանի որ 13 մրցույթները տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով։
Երեկ մարզպետի մոտ քննարկում է եղել, որին մասնակցել են մանկավարժներն ու ծնողները։ Մարզպետի կողմից առաջարկություններ են եղել ԺՊ-ի փոփոխության վերաբերյալ։ Մարզպետը նաև նշել է, որ Ադամ Մխիթարյանի ծրագրի դրույթները պետք է փոփոխվեն։
Նախկին տնօրենը նշում է, որ կփոփոխի ծրագրի դրույթները, բայց միևնույն ժամանակ չի հասկանում պատճառը․ «Իրենք ինձ չեն տվել ծրագրի վերաբերյալ հարցեր, ես չեմ հասկանում ծրագրի փոփոխության հիմքում ինչն է։ Ամսի 27-ին նորից մրցույթ է հայտարարվել, և ես կրկին մասնակցելու եմ մրցույթին»։
Դպրոցի դասվարը, որը դիմում էր գրել, Ադամ Մխիթարյանի խնդրանքով և հորդորով հետ է վերցրել դիմումը, շարունակում է դասավանդել։
ՀՅԴ-ական գործիչը վստահեցնում է, որ իրենք պատրաստ են ընդհուպ մինչև անվճար ուսուցանեն երեխաներին, բայց չպետք է երեխաները տուժեն նման երևույթների պատճառով․ «Մենք հորդորում ենք բոլորին, որ այս հարցին չնայեն քաղաքական տեսանկյունից, այլ նայեն մարդկային, հայրենասիրական, մարդասիրության տեսանկյունից։ Հորդորում եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին մեկ անգամ գոնե այցելի գյուղ և խոսի երեխաների իրավունքներից։ Հարցը Մխիթարյան Ադամի խնդիրը չէ, հարցը երևույթն է, հանուն դրա ես պայքարելու եմ մինչև վերջ»,- ասաց նա։
Լ․ Ա․