Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոքները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Երեմ Սարգսյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորված է հոկտեմբերի 19-ից՝ ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի շրջանականերում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք։
Նշենք, որ կալանավորման որոշման դեմ բողոքը ներկայացվել է ոչ միայն պաշտպանության, այլև՝ դատախազության կողմից։
Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը՝ մի խումբ անձանց կողմից համաձայնության մասով, ինչն էլ վիճարկվել է դատախազի կողմից։ Պաշտպանության կողմը վիճարկում էր հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության հարցը՝ գտնելով, որ դրանք բացակայում են։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թե՛ պաշտպանության, թե՛ դատախազության բողոքները։ Նշենք, որ օրերս հենց դատական նիստերի դահլիճից ազատ էր արձակվել դատավորի 22-ամյա օգնականը, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը ևս մերժվել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Թե դատավորը, թե փաստաբանը ներկայումս կալանավորված են։
Աղբյուր` Փաստինֆո