կարևոր
4537 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-20 10:51
Տարածաշրջան

Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայկական դամբարաններ են հայտնաբերվել. լուսանկարներ

Վրաստանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար, որից հետո Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել է խորհրդակցության «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր` Վան Բայբությանը և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ` Կիրակոս վարդապետ Դավթյանը: Տարածք են հրավիրվել նաև Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետները. հայտնում է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը:

Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական Մշակութային ժառանգության մասնագետ` Լևոն Չիդիլյանը քաջ ծանոթ լինելով Վանքի պատմությանը և պանթեոնում թաղված աճյունների  դասավորվածությանը, առաջին օրվանից մասնակցել և հետևել է պեղումների  ամբողջ գործընթացին` տրամադրելով արխիվային նյութեր հնէաբաններին: Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ դամբարան։ Նրանցից երկուսը հայտնաբերվել է մարմարե տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների տեսքով։ Տապանաքարերը պատկանում են Թիֆլիսի Վանքի Մայր տաճարի ավագ քահանա Տեր Հովհաննես Տեր Պողոսյանին ու նրա կնոջը` Քալի Բեկտաբեկովային։ Վրաստանում Հայաստանի Դեսպանության և Վիրահայոց Թեմի միջնորդությամբ, Վրաստանի կառավարությունը աջակցեց, որպեսզի  շիրիմները և տապանաքարերը տեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Լևոն Չիդիլյանի առաջարկը` պեղումները շարունակելու վերաբերյալ, ընդունվեց դրական: Նախարար Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ` 2023 թվականի հունվարից տվյալ հատվածի ողջ տարածքում կիրականացվեն պեղումային աշխատանքներ:  Ապագա պեղումների վայրում թաղված են եղել Ալեքսանդր և Դարիյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոնստանտին Խատիսյանները, թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցն ու Պողոս Իզմաիլովը և ուրիշներ: Գործընթացը շարունակվելու է, հնարավոր է նոր բացահայտումներ ևս լինեն։

Հ.Գ. Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին (կառուցված՝ 14-րդ դարում.), որը կոչվել է նաև Վանքի Մայր Տաճար կամ Հարանց վանք: Ժամանակին եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանը,  կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Տեղում հուղարկավորվել են նաև ժամանակի մեծերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ: Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև Վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի Մշակույթի նախարարության շենքը: