կարևոր
4537 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-23 22:42
Քաղաքական

Ոստիկանների կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների, պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը կոծկվում են

Ոստիկանների կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների, պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը կոծկվում են

Ոստիկանության ծառայողների կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործերը կոծկվում են։ Պարզվում է, Երևանում իրականացված ակցիաների ընթացքում ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից կիրառված բռնությունների համար անցած ամիսներին որեւէ մեկի մեղադրանք չի առաջադրվել, թեեւ հարուցվել են շուրջ չորս տասնյակ քրեական գործեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից Երևանում բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բազմիցս աչքի են ընկել ոչ իրավաչափ գործողություններով, հունիսի 3-ին կառավարական ամառանոցների մոտ նույնիսկ հատուկ միջոցներ են կիրառվել՝ լուսաձայնային նռնակների տեսքով։ Միայն հունիսի 8-ի դրությամբ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ հարուցվել էր 39 քրեական գործ։

Դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին հայտնել էին, որ քրեական գործերից 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի (2004թ ) 121-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2004թ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (2004թ) (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), 20-ը՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (2004թ) (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), 2-ը՝ ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդվածի 1-ին մասով (2004թ) (խոշտանգումը), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի (2004թ) 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ խոշտանգման), 9-ը՝ ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման), 1-ը՝ ՀՀ ՔՕ 332.3-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով փաստաբանի գործունեությանը միջամտելը):

Այսօր «Փաստինֆո»-ն կրկին դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք գործերից որևէ մեկով որևէ ոստիկանի կամ ԱԱԾ ծառայողի մեղադրանք առաջադրվել է. թե ոչ, ինչին ի պատասխան հայտնեցին, որ այս պահի դրությամբ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

«Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ ապացուցողական լայնածավալ գործողություններ: Այս պահի դրությամբ, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ: Նախաքննության արդյունքներով կտրվի պատշաճ իրավական գնահատական»,- հայտնեցին դատախազությունից։

Այլ խոսքով՝ ամիսների ընթացքում որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, վերջիններս շարունակում են պաշտոնավարել, չի բացառվում՝ նույնիսկ առաջխաղացում ունենալ եւ այդ անպատժելիության արդյունքում ունեցանք նոր, առավել անբարո դեպքեր, այս անգամ Եռաբլուրում, որտեղ կարմիր ու սեւ բերետավորները բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին, ընդ որում՝ նախ տղամարդկանց, ապա՝ կանանց, ինչի հետեւանքով 5 ծնող ստացել է վնասվածքներ։ Այսօր դատախազությունը հայտնեց, թե այս դեպքի առթիվ եւս քրեական վարույթ է նախաձեռնվել, մնում է սպասել, թե այս գործը քանի ամիս է քնեցվելու։

Աղբյուր` Փաստինֆո