Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:
Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:
Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքն է հայտել ԵՀԽ-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ցուցաբերած զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին ներկայացրել է հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ կհաղթահարի իր առջև ծառացած բոլոր մարտահրավերները։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վերջինիս վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային-կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին՝ այս առնչությամբ կարևոր նկատելով միջազգային համապատասխան ատյաների և միջեկեղեցական տարբեր կառույցների կողմից Ադրբեջանի որդեգրած քաղաքականության խստագույն դատապարտումն ու կանխարգելումը։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին արցախահայության անվտանգ և խաղաղ կյանքի ապահովմանը, գերիների վերադարձման խնդրին, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։