կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-29 10:50
Հասարակություն

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ՝ այսօր, մայիսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում են՝ ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Մուրադ Փափազյանը եւ այլոք։

Նշենք որ, մայիսի 27-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այնուհետև, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը եւ պաշտոնատար այլ անձինք: