կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 16:03
Հասարակություն

Դատարանը չի երկարացրել կալանքը. մեղադրյալը, դրսում հայտնվելով, նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել քննությունից

Դատարանը չի երկարացրել կալանքը. մեղադրյալը, դրսում հայտնվելով, նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել քննությունից

2021թ. ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ բռնություններ կիրառելու, ծանր վիրավորանք հասցնելու, սպանելու սպառնալիքներ հասցնելու, ընտանեկան բռնության հետ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն մեկ վարությում քննվող քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 25-ին Ս. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 137․1-րդ հոդվածի 1-ին մասով և 353․1-րդ հոդվածով առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազությունից հայտնում են, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին քննիչի կողմից մեղադրյալ Ս. Գ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը  բավարարվել է մասնակիորեն և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել՝ մինչև 2022թ հունվարի 25-ը:

Դրանից հետո հայտնաբերված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով 2022թ. հունվարի 14-ին հարուցվել է քրեական գործ, միացվել Ս. Գ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործին և վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը  դատարանի 2022թ. հունվարի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է:

Այս որոշմամբ թեև դատարանն արձանագրել է, որ հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը մեղադրյալի կողմից, ազատության մեջ մնալու դեպքում, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկը, ինչը հիմնավորվում է նրանով, որ անձը իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է դեռևս 2020թ. հունիսի 11-ի դատավճոով սահմանված փորձաշրջանի ընթացքում, սակայն կալանավորման մյուս հիմքերը բավարար չի համարել: Այդ թվում դատարանը ենթադրություններ է որակել մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության մասին քննիչի ներկայացրած փաստարկները:

Արդյունքում Ս.Գ.-ն 2022թ. հունվարի 25-ին ազատ է արձակվել կալանավայրից։

Այս որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը 2022թ.մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, դաատական ակտը դեռևս դատախազությունում չի ստացվել:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի նշված որոշմամբ մերժվելուց հետո, սակայն, փետրվարին, նախ մեղադրյալի կինն է հաղորդում տվել այն մասին, որ իր բնակարան է եկել նախկին ամուսին Ս. Գ.-ն, վիճաբանել իր հետ, ձեռքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա մի քանի օր անց նաև կնոջ ազգականն է հաղորդում տվել, որ Ս.Գ.-ն տանից ստիպողաբար փորձում է տանել կնոջը:

 Նախապատրաստված նյութերով այս նոր դեպքերի կապակցւթյամբ ևս հարուցվել են քրեական գործեր, ուղարկվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն և միացվել Ս.Գ.-ի վերաբերյալ քննվող բազմադրվագ գործին:

2022թ. փետրվարի 19-ին վերջինիս առաջադրված մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 353.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 118-րդ հոդվածով (երկու դրվագ),  147-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։

Պարզվել է, որ մեղադրյալը նաև թաքնվել է քննությունից: 2022թ. փետրվարի 25-ին վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2022թ. ապրիլի 5-ին մեղադրյալը հայտնաբերվել է, նրան առաջադրվել մեղադրանք, կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է: