Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը․ երեկ Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չի հստակեցրել:
«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննակեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել՝ սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Միշելը:
Սա Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով արդեն երրորդ հանդիպումն էր Բրյուսելում, որը մեկնարկել է երեկ երեկոյան և ավարտվել կեսգիշերն անց: Բանակցություններից հետո ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չեն պատասխանել: Կարճ հայտարարություն է արել միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ»,- նշել է Շառլ Միշելը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը չի հստակեցրել` կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշել է, որ փոխվարչապետերը պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունները:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է` կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ: Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: