կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 17:18
Հասարակություն

Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է՝ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին:

Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: