Հայաստանը սարդոստայնով պատած այս նկարը շատերի համար կարող է անհասկանալի լինել առաջին հայացքից, եթե առավել մանրամասն չներկայացնենք Նիկոլ Փաշինյանի ֆեյքապետության եղելությունը։
2021-ի նոյեմբերին մի շարք թիթեռնիկ կայքեր հրապարակում արեցին, թե Նաիրի Հոխիկյանը իբր համագործակցում է թուրքական «գորշ գայլերի» հետ և իբր 176 հայ զինվորի մասին տեղեկություններ է փոխանցել թշնամուն։ Այս կեղտոտ հրապարակումների նպատակն էր հանրության մեջ ատելություն սերմանել իմ նկատմամբ՝ մարդկանց մղելով ընդհուպ անձնական վրեժխնդրության և ինքնադատաստանի։ Նույն օրերին ֆեյսբուքյան մոտ 200 ֆեյք էջեր այս թեմայով ամեն տեսակի ատելություն ու հայհոյանք սկսեցին տարածել իմ մասին։
Մինչև իմ շահերի պաշտպան
Լուսինե Վիրաբյանի հետ զբաղված էինք այդ հանցավոր հրապարակումների հեղինակների բացահայտմամբ, նոր հրապարակումներ եղան՝ արդեն կազմակերպված և ուղղորդված կերպով հայհոյանքի տեսքով։
Մինչև 2022թ․ փետրվար ամիսը մեզ համար պարզ դարձավ մի հսկայական ցանց՝ ֆեյքերի օգտագործման առումով, և կծիկը սկսեց բացվել։
Նոյեմբերյան, Իջևան, Վանաձոր, Արմավիր, Գավառ, Սիսիան, Երևան։ Ահա այն հիմնական տարածքները, որտեղ կենտրոնացած են ֆեյքերն ու ատելության բուծարանները։
Մենք բացահայտեցինք դրանց անդամակցող գրեթե բոլոր անձանց ինքնությունը։ Նրանցից եղան մարդիկ, ովքեր ուղիղ կապի դուրս եկան ինձ հետ և խոստովանեցին, որ իրենք պատվեր են ստացել ինձ վարկաբեկելու համար, ավելին՝ օրական իրենք ստանում են մոտ 300 դոլար։
Պատկերացրեք, միայն Երևանում կա գրանցված 31 թիթեռ կայք, որոնց սեփականատերը նման կեղտոտ ու պատվիրված քարոզչության համար ստանում է օրական 7-10$ գումար։ Օրական դա հասնում է 300$-ի, ամսական՝ 9000$-ի։ Այդ խումբը ունի 200-ից ավելի ֆեյսբուքյան կեղծ էջեր՝ մոտ 2,4 մլն հետևորդներով։ Այսինքն այդքան մարդու դրանք կարողանում են ապակողմնորոշել և ատելություն սերմանել։ Մի խոսքով, այն, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Դրանց ստացած պատվերների մեծ մասն ուղղված է Արցախի դեմ քարոզչություն անելուն, Արցախցիների նկատմամբ ատելություն սերմանելուն, Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ քննադատությանը հայհոյանքի տարափով ու ատելությամբ արձագանքելուն։
Մենք դիմումներ ներկայացրինք ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և ԱԱԾ։ Քանի որ կային կոնկրետ փաստեր և կոնկրետ կասկածյալների անուններ, այս կառույցներին այլ բան չէր մնում, քան քրեական գործեր հարուցել՝ ներգրավելով կոնկրետ կասկածյալների՝ Արման Թումասյան, Անդրանիկ Մարտիրոսյան, Արմեն Բադեյան, Անդրանիկ Բաբաջանյան, Վարդան Գասպարյան, Զոհրաբ Առաքելյան։
Սրանցից ոմանց նկատմամբ արդեն հետախուզում է հայտարարվել։ Նրանց սպառնում է մինչև 3 մլն դրամ տուգանք և մինչև 3 ամիս կալանավորում։
Նաիրի Հոխիկյանը ճանաչվել է տուժող, ինչը նշանակում է, որ դատական կարգով ես պահանջելու եմ ոչ միայն բարոյական և նյութական վնասի հատուցում, այլև օրենքով նախատեսված խստագույն պատիժ այդ մարդկանց նկատմամբ։
Այս ֆեյքային խմբավորումներից ու առանձին անձանցից բացի, կան այլք ևս, որոնք էլ մեր թիրախում են։ Հերթով բացում ենք դրանց որջերը և արմատախիլ անում։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեդիափորձագետ