կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 17:10
Տարածաշրջան

Իրաքը հերքում է Էրդողանի՝ Բաղդադի հետ համագործակցության մասին հայտարարությունը

Իրաքը հերքում է Էրդողանի՝ Բաղդադի հետ համագործակցության մասին  հայտարարությունը

Իրաքի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Իրաքյան Քուրդիստանում ռազմական գործողության ընթացքում Բաղդադի հետ համագործակցության մասին։

Իրաքի միջազգային խոսնակ Ահմեդ Սեհաֆը իրաքյան լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Իրաքի ԱԳՆ-ն համարում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները իրաքյան ինքնիշխանության ակնհայտ խախտում են, և դրանք որակում է որպես սպառնալիք երկրի տարածքային ամբողջականությանը: Այս գործողությունը վնաս է Իրաքին և անհանգստություն է առաջացնում»:

Սեհաֆը հավելել է, որ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին, որտեղ նրան հանձնվել է նոտա, որում շարունակվող միակողմանի գործողությունը բնութագրվում է որպես թշնամական գործողություն։

Սեհաֆը կրկնել է իրաքյան պահանջները, ըստ որոնց՝ թուրքական բանակը պետք է հեռանա երկրից, նաև հավելել է, որ թուրքական իշխանությունները դեռ չեն արձագանքել Բաղդադում իրենց դեսպանին հանձնված նոտային։ Նրա խոսքով՝ նոտան արտահայտում է Իրաքի կողմից Թուրքիայի գործողությունների կտրուկ մերժումը։

Սեհաֆը նաև հերքել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ռազմական գործողություններում Իրաքի հետ համագործակցության մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի 18-ին սկսած օկուպացիոն գործողություններում վայելում է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության աջակցությունն ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK):