կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 14:42
Քաղաքական

Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել. հայտարարություն

Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել. հայտարարություն

«Հայաստան» խմբակցության հայտարարությունը.

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից պատգամավորների խմբերով ուղևորվելու են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր եւ Արցախի Հանրապետություն:

Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում ՌԴ խաղաղապահ զորքերն արգելեցին պատգամավորների մուտքը՝ առանց որևէ հիմնավորման, մինչդեռ՝ ՀՀ որևէ քաղաքացու մուտք ու ելք չի կարող սահմանափակվել։

Ուշագրավ է, որ պատգամավորների՝ Արցախ այցելելու քայլին շատ արագ և միաժամանակ արձագանքեցին իշխանական ներկայացուցիչներն ու ադրբեջանական կողմը՝ նույնիսկ արգելելու պահանջ ներկայացնելով:

Այս վարքագիծն ու իրավիճակը, ի թիվս այլնի, ինքնին հակասում է Հայաստան-Արցախ կապի անխափանության հանձնառությանը: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է։

Միաժամանակ, պարզ չէ՝ օրվա իշխանությունները կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ակնհայտ խնդրի լուծման ու հետագայում նման դեպքերը հստակ կանխարգելելու ուղղությամբ, բացի պարզապես հայտարարություններ անելուց:

Հայտնում ենք, որ պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել: Օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնվելու է: