Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները. միայն այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կարող էր գոհունակությամբ արձագանքել Հայաստանի վարչապետի հայտարարություններին․ azatutyun.am -ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Փաշինյանի խոսքերը Ալիևը մարտի 31-ին «լավ ուղերձ» էր որակել, միաժամանակ կրկին ընդգծել՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ Երևանի, խաղաղության օրակարգի հայկական լրացումներից է, որ ուղարկել են Բաքվին, բայց մինչև հիմա, ըստ պաշտոնական աղբյուրների, չեն ստացել պատասխան։ Վարչապետը երեկ ասում էր՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է լրացրած առաջարկների հիմքի վրա։
«Եթե այդ փաստաթուղթը հասել է Ադրբեջանին, և Ադրբեջանը համարում է, որ գոհացուցիչ է, դա նշանակում է` այո, այն, ինչ ինքը ձևակերպել է, որ Ղարաբաղի հարցն այլևս չկա, հենց այդ փաստաթուղթն էլ դա է արձանագրում: Հուսով էինք, որ այդ փաթեթի ամբողջացումը երևի պետք է արձանագրեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Փաստորեն, դա արձանագրված չէ: Մենք մինչև հիմա էլ, իհարկե, փորձում ենք ստանալ այդ տեքստը` ինչ են պատասխանել, դեռ դա չի հաջողվել: Ես ենթադրում եմ, որ այդ տեքստում երևի գրված է շատ անորոշ ձևակերպումով, եթե անգամ Արցախին անդրադարձ կա, ապա ժողովրդի ընդհանուր բոլոր իրավունքների պաշտպանություն: Դա ոչ մի բան չի նշանակում, եթե չենք ասում, որ իրավունքները չեն պաշտպանվի, եթե ինքնորոշման իրավունքը չի պաշտպանվում», – նշել է Արմեն Ռուստամյանը:
Հայաստանի վարչապետը կառավարության նիստին կրկնեց՝ խաղաղության պայմանագրի համար առաջ քաշված ադրբեջանական 5 առաջարկները Հայաստանի համար ընդունելի են։ Ավելի կոնկրետ լինելու համար շեշտեց՝ այդ թվում՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը։
Փաշինյանը նաև խոսեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա ռազմական հարձակման վտանգից։
Արմեն Ռուստամյանը կարծում է՝ Փաշինյանի հայտարարությունը թե՛ Ադրբեջանին է ուղղված, որ ցանկացածը ինքը պատրաստ է տալ, թե՛ հայ ժողովրդին, որ ևս մեկ անգամ չկոտորվելու ճանապարհը ադրբեջանական պայմանների ընդունումն է։
«Այդ պահանջների բավարարման սահման գոյություն չունի` ինչքան տաս, այնքան կուզեն: Դիմադրել է պետք Ադրբեջանին, Ադրբեջանն ուրիշ լեզու չի հասկանում: Հասարակության համախմբում, մեր եղած ռեսուրսների համախմբում, բանակի ամրապնդում, մեր դիքերի ամրացում։ Այնպես չէ, որ Ադրբեջանի նկրտումները միայն մեզ համար են վտանգավոր, վտանգավոր են նաև տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների համար: Եւ մենք այդ շրջանակը պետք է կարողանանք արձանագրել եւ այդ շրջանակի հետ ունենանք լուրջ համագործակցության ձևաչափ։ Ոչ թե ամրապնդում են մեր դիմադրությունը, այլ ամրապնդում են իրենց իշխանությունը, դրանով է այսօր զբաղված իշխանությունը: Առանց հասկանալու, որ այդ իշխանությունն ո՞ւմ է պետք, երբ որ դու կկորցնես այն, ինչի վրա իբր պիտի իշխես», – շեշտել է Արմեն Ռուստամյանը: