կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-19 11:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ անելու եմ, որ Վարդենիսում տիրի համերաշխություն և միաբանություն․ Ա․ Խաչատրյանի երդումն անցավ առանց միջադեպի

Այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցավ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը՝ առանց որևէ միջադեպի․ հայտնում է Yerkir.am-ը։

Ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ու ընտրված Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքի ղեկավարի լիազորությունն իրականացնելիս ազնվորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորություններն ու պաշտպանել համայնքի սեփականությունը, նպաստել նրա հոգևոր վերելքին։

Այնուհետև հնչեց ՀՀ օրհերգը։

Ահարոն Խաչատրյանը ստորագրեց երդման տեքստը և հանձնեց համայնքապետարանին ի պահ։

Ապա նա ելույթում վստահեցրեց անմնացորդ նվիրումով և ոգևորությամբ կյանքի կոչել բոլոր ծրագրերը, ծառայել հայրենիքի շենացման գործին։ Ահարոն Խաչատրյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ յուրաքանչյուր վարդենիսցու հոգսը համարում է իրանը, ամեն ինչ անելու է, որ տիրի համերաշխություն և միաբանություն, վարդենիսցիներին չի բաժանելու գյուղաբնակների և քաղաքաբնակների, աշխատելու է համայնքի համաչափ զարգացման ուղղությամբ։

Արարողության ավարտին քահանան նրան Աստվածաշունչ մատյան նվիրեց։

Ահարոոն Խաչատրյանի երդմանը իշխող՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու անդամները ներկա չէին, ներկա էին միայն ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները, քվորումն  ապահովված էր, նիստը կայացավ։

Ներկա էր նաև ռուսական խաղաղապահ զորքի տեղի ստորաբաժանման հրամանատարը։

Նշենք, որ սա Ահարոն Խաչատրյանի արդեն երկրորդ երդման արարողությունն է՝ նախորդը տեղի ունեցավ դրսում, քանի որ ոստիկանների հոծ շարքերը թույլ չտվեցին, որ ավագանու ընդդիմադիր անդամները մտնեն համայնքապետարանի շենք։ Պատճառը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության հակազդեցությունն էր, որը չէր ընդունում ավագանու նիստի արդյունքն ու Ահարոն Խաչատրյանի ընտրության օրինականությունը։ Նրանք դիմեցին դատարան, տեղի ունեցավ համայնքապետի նոր ընտրություն և դարձյալ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։ Այս անգամ երդման արարողությունը տեղի ունեցավ ինչպես կարգն է՝ մշակույթի տան ներսում։

Մանրամասն՝ տեսանյութում․