կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 08:31
Արցախ

Գազամատակարարման վերականգման համար կիրառվում են բոլոր հնարավոր լծակները. Արտակ Բեգլարյան

Գազամատակարարման վերականգման համար կիրառվում են բոլոր հնարավոր լծակները. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ և ներկայացրել ընթացիկ իրավիճակը: Այս  մասին հայտնում են Արցախի Կառավարությունից:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ: 

Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: 
Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ:
Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն: 
Ինչ վերաբերում է գազամատակարարման վերականգնմանը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքին, Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն և իրավիճակը կկարգավորվի: