կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 10:32
Աշխարհ

Արեւմտյան երկրները պայմանավորվել են անջատել ռուսական բանկերը SWIFT-ից

Արեւմտյան երկրները պայմանավորվել են անջատել ռուսական բանկերը SWIFT-ից

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր «խիստ ֆինանսական պատժամիջոցներ» սահմանելու մասին, որոնք նախատեսում են որոշ բանկերի անջատում տեղեկատվության փոխանցման եւ SWIFT վճարումների իրականացման միջբանկային համակարգից: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշտրայթը։

«Այսպես, բոլոր ռուսաստանյան բանկերը, որոնց նկատմամբ արդեն պատժամիջոցներ են սահմանվել միջազգային հանրության կողմից, եւ, անհրաժեշտության դեպքում, ռուսական մյուս բանկերն անջատվելու են SWIFT - ից», - նշել է նա: Բացի այդ, Հեբեշթրայթի խոսքով՝ արեւմտյան գործընկերները «որոշել են էլ ավելի սահմանափակել ռուսական Կենտրոնական բանկի հնարավորությունները՝ միջազգային ֆինանսական գործարքների հաշվին ռուբլու փոխարժեքին աջակցելուն»:

«Համաձայնեցված պատժամիջոցներն ուղղված են նաեւ Ռուսաստանում եւ այլ վայրերում այն անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք սատարում են Ուկրաինայում պատերազմին։ Մասնավորապես, վերջ կտրվի ունեւոր ռուսաստանցիներին իրենց եւ իրենց հարազատների համար այսպես կոչված ոսկե անձնագիր եւ եվրոպական քաղաքացիություն ստանալու հնարավորությանը», - հայտնել է Հեբեշթրայթը:

«Բացի այդ, ԱՄՆ - ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որպեսզի ապահովվի պատժամիջոցների շուտափույթ իրագործումը եւ սառեցվի պատժամիջոցների տակ հայտնված անձանց, նրանց ընտանիքների եւ ընկերությունների ակտիվները», - հայտարարել է նա: Արևմտյան երկրները, ԳԴՀ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ «ընդգծել են նոր միջոցների դիմելու պատրաստակամությունը, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր գրոհը Ուկրաինայի դեմ և դրանով իսկ ընդդեմ եվրոպական աշխարհակարգի»: