կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 12:28
Քաղաքական

ՀՀ-ն անցել է երկրորդ տարբերակին, Հայաստանը գնում է աջարացման ճանապահով․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում խոսքի նախաբանում անդրադարձավ ՀՀ ավտանգության վերաբերող հարցերին։

Նա առանձնացրեց երեք հիմնական բաղադրիչներ՝ անվտանգության հարցերում՝ սեփական զինված ուժերը, առաջին հերթին՝ բանակը, երկրորդ՝ ՀՀ-ի համար ՀԱՊԿ-ի նշանակությունը, երրորդը՝ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ երեք պայմանագրերը, որոնք կարգավորում են ռուսական ռազմաբազայի ներկայությունը և, ընդհանրապես, համագորածակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։

«Սեփական բանակը փաստ է՝ ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը, և այս՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, որ անցել է պատերազմից հետո ,չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունը և բանակի սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ, և անցյալ տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը վառ ապացույց են։ Իսկ վերջերս այդ 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են բարոյահոգեբանական վիճակի մասին նաև մեր զինված ուժերում։ Բանակի հաստատված բյուջեն որևէ կերպ հույս չի ներշնչում, որ մոտակա ժամանակներում այս տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել։ Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսին է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ։ Նույնիսկ՝ երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը և նրանց նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելը այսօր շատ ավելի կարևոր է ՀՀ-ի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀԱՊԿ-ի վերաբերյալ նա նշեց, որ վերջին շրջանում դա ամենից հաճախակի քննարկվող թեման է եղել՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա, և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ ՀՀ-ի վրա։

«ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, ստեղծվել է 2002 թվականին։ Մինչ այդ  եղել է Տաշքենդում ստորագրված պայմանագիր, իսկ 2002 թվականին  ձևավորվել է որպես կազմակերպություն։ Ես նախագահ էի այն ժամանակ և բավական լավ տիրապետում եմ ամբողջ մոտիվացիոն հարցերին, որոնք դրդեցին երկրի ղեկավարներին՝ ստորագրել այդ պայմանագիրը։ ՀԱՊԿ-ն ունի երեք ուղղություն՝ Ռուսաստան, Բելառուս, դա արևմտյան ուղղությունն է, Հարավային Կովկաս և Ռուսաստան,  և Ռուսաստան ու Կենտրոնական Ասիայի երկրները․․․  Անվտանգային սպառնալիքները տարբեր էին այդ երեք ուղղություններով, շատ դեպքում՝  իրար հետ ուղղակի չառնչվող, բայց, ըստ էության, այս  ամենը ամփոփված է մեկ կազմակերպության մեջ, քանի որ կենտրոնական դերակատարությունը ՌԴ-ինն էր, և Ռուսաստանը բոլոր այդ սպառնալիքների նկատմամբ շատ զգայուն էր, բայց ընդհանրապես ՀԱՊԿ-ը սա է»,- ասաց նա։

Փորձելով գնահատել ՀՀ-ի վիճակը ՀԱՊԿ-ի կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ-ի համար 4 սահմանակից երկրներից լրջագույն սպառնալիք են Ադրբեջանը և Թուրքիան։

«Եվ կա ևս մեկ ուրիշ փաստ, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, բացի ՌԴ-ից, առանձին կտրվածքով եթե նայենք, ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային և այլն։ Ավելին՝ Թուրքիայի և Արդբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության․․․ Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն, ուղղակի դա բացառվում է, և խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում․․․ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են, և աշխատեց Ղազախստանի պարագայում, սա փաստ է, և մենք պետք է այդ փաստի հետ հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ, իհարկե՝ մնալ, առաջինը՝ չկա այլ կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին, և երկրորդ՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնց շրջանակներում մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում  ինչ-որ չափով կարգավորվում է։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսնակյունից հույսեր չկապել, բացի հայտարարություններից այստեղ ուղղակի ոչինչ չի լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին՝ ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, նրա խոսքով, այսօր միայն այս գործոնն է այն երաշխիքը անվտանգության ոլորտում, որը գործում է ՀՀ-ում։

«Այսօր սա գործող հանգամանք է, բայց այս պատերազմը բացահայտեց այստեղ որոշ հարցեր, որոշ խնդիրներ։ Առաջինը՝ ՌԴ-ի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց  Ռուսաստանի միջամտությամբ և օժանդակությամբ հնարավոր որոշակի լիմիտներ․․․ Մինչ օրա պատասխանը չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր բեռնափոխադրումների համար՝ ռազմական բեռնափոխադրումների։ Մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինել, թե՞ չեն հաշվարկել, թե՞ իրենց համար էլ էր սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր, և այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա։ Եթե չեն հաշվարկել՝ մեկ մեղադրանք կարող է առաջադրել, եթե հաշվարկել են, այնուամենյանիվ, 2020 թվականի ամռանը գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջադրել իշխանությունների նկատմամբ։ Հաջորդը՝ ՌԴ-ի միջնորդ լինելը Ղարաբաղյան կարգավորման մեջ որոշ չափով էականորեն սահմանափակում է Ռուսաստանի՝ քայլեր ձեռնարկելու ազատությունը։ Եվ երրորդ հանգամանքը, որը բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, դա Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է Հարավային Կովկասում։ Հիմա ընդհանուր այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում  նայենք, պատկերը տխուր է, և ես չեմ տեսնում հիմա որևէ լուրջ քայլ, որ կփորձի փոխել այս իրավիճակը և չեզոքացնել այս մարտահրավերները»,- նշեց Քոչարյանը։

Նա, որպես անվտանգային խնդրի լուծու,մ առաջին հերթին տեսնում է ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում գրեթե զրոյից, հակառակ դեպքում՝ ՀՀ-ն նույնատիպ խնդիրների առաջ կկանգնի։

«Հիմա հարց է առաջանում՝ այս ամենը մենք ի վիճակի ենք ինքնուրույն անելո՞ւ, թե՞ ոչ, պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Պետք է հասկանալ՝ ինչ չափով է Ռուսաստանը պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ ՀՀ-ի հետ։ Համոզված եմ, որ դա հնարավոր է, կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ և այդպիսի խնդրանք գոյություն ունի։ Եվ, իհարկե,  պետք է հասկանալ այն, ինչի մասին ասացի՝ օդային տարածքը․․․ Մենք ապագայում կարող ենք ունենալ օդային լիարժեք շրջափակում, թե՞ սա ուղղակի դրվագ էր, որը պետք է և ի վիճակի ենք մենք շտկել, խոսքը՝ Վրաստանի օդային տարածքի մասին է․․․ Այդպիսի խնդիրներ իմ ղեկավարած տասը տարվա մեջ ես չեմ ունեցել և նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կհասնենք այդ վիճակին մեր հարաբերություններում Վրաստանի հետ։ Սա միա՞կ ճանապարհն է, թե՞ ոչ։ Ո՛չ, սա միակ ճանապարհը չէ ՀՀ-ի համար, կա նաև ուրիշ ճանապարհ՝ ոչ հաճելի ինձ համար, բայց այդ ճանապարհը կա՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել այդ սպառնալիքին։ Գնալ Հայաստանի պլանավորված աջարիզացիայի։ Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ և պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ազդեցությունն այստեղ դադարի և փոխարինվի թուրքական ազդեցությամբ։ Սա իսկապես ենթադրում է տոտալ ներկայություն և դոմինանտություն՝ տնտեսական, հատկապես՝ ստարտեգիական ոլորտում։ Եվ դա հնարավոր է, եթե ՀՀ-ն հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես։ Սա այն նախապայմաններից է, որ ալտերնատիվ ուղղության  համար կարող  է գործել, և այս քաղաքականությունն աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ այն հակամարտությունը, որը կար ՌԴ-ի և Արևմուտքի միջև, ուղղակի հուշում է, որ այդ  ճանապարհով  կարելի է Ռուսաստանի ազդեցությունը հեռացնել»։

Ռոբերտ Քոչարյանն ահազանգեց, որ Հայաստանը գնում է թուրքական ազդեցության ճանապարհով՝ «Հայաստանի պլանավորված, այսպես կոչված, աջարիզացիա»։

«ՀՀ-ն գնում է այս ճանապահով, տարբերությունը հետևյալն է՝ ՌԴ-ին ձեռնտու է ունենալ այս տարածաշրջանում ուժեղ դաշնակից, և մենք այդպիսին ենք եղել մինչև վերջին պատերազմը։ Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ  պարագայում ՀՀ-ն չի կարող խոչընդոտել թուրքական հեռահար ծրագրերի իրականացմանը։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ այսպիսի զարգացմանը, բայց, Վրաստանի օրինակը իմ աչքի առաջ, ես տեսել եմ, ինչպես տասը տարվա ընթացքում փոխեցին մարդկանց տրամադրությունները ակտիվ քարոզչությամբ, և ինչ կարգի հակառուսականություն քարոզվեց։ Պետք է ազնիվ լինել և մեր ժողովրդին ասել՝ կան այս և այս ճանապարհները․․․ Խոսքը նրա մասին չէ՝ հավատարիմ ենք, թե հավատարիմ չենք ՌԴ-ին, երբ պետական կամ ազգային շահերից ենք խոսում, պետք է շատ սթափ հաշվարկ անել՝ ինչ ենք ստանում։ Խոսքը ՀՀ-ի ապագայի տեսլականի մասին է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։