կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 18:46
Հասարակություն

Դավիթ Տոնոյանի եւ մյուսների խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 24-ին

Դավիթ Տոնոյանի եւ մյուսների խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 24-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11։00-ին։

Պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նախկին նախարարի համար երաշխավորել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար էլ փաստաբանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափն էլ թողնվել է դատարանի հայեցողությանը։

Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյաները պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։ Մինչդեռ ԱԱԾ-ն որտեղ քննվել է այս գործը, հրաժարվել է մի շարք փորձաքննություններից։

 

Տես նաև՝  Տպավորություն է, որ ընտրվում է, թե ով կալանավորվի, ով՝ ոչ․ Երեմ Սարգսյան: