կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 14:49
Հասարակություն

ՀՀ-ում եւ Արցախում մարդիկ ապրում են հարեւանների կողմից վտանգավոր, շարունակական սպառնալիքի պայմաններում․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եղել է արդարության պայքարի առաջնագծում՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման պայքարից մինչեւ ազատ, անկախ Արցախին սատարելու՝ ներկայիս ջանքերը․ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ հղված տեսաուղերձում ասել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը։

«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից։

Հենց հիմա հազարավոր մարդիկ ՀՀ-ում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում՝ միաժամանակ սգալով իրենց հարազատների կորուստը, որոնք սպանվում են, խոշտանգվում, ապօրինաբար ձերբակալվում»,-նշել է Ադամ Շիֆը։

Նա շեշտել է, որ, որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, հանգիստ չի լինի այնքան ժամանակ, մինչեւ տուն չվերադարձնեն ռազմագերիներին, մինչեւ փախստականները չվերադառնան իրենց տները եւ մինչեւ տարածաշրջան չբերվի վերջնական ու արդար խաղաղություն։

«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ համագործակցությամբ մենք շարունակելու ենք աջակցել եւ ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը։ Ես միշտ կլինեմ Հայաստանի եւ Արցախի կողքին»,- ասել է կոնգրեսականը։

Հավելենք, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ․ օրակարգը վերաբերում է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն եւ այլն։