Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայի իշխանությունները քննարկում են COVID-19-ի դեմ պատվաստվածների տնից դուրս գալու սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացրել է Ավստրիայի առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուքշթայնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս միջոցը նույնպես քննարկվում է։ Այսպես են ինձ խորհուրդ տալիս փորձագետները։ Ես նրանց հետ համաձայն եմ։ Կլինեն գիշերները տնից դուրս գալու սահմանափակումներ պատվաստված մարդկանց համար։ Սա միջոցների փաթեթի մի մասն է, որը քննարկվում է»,- ասել է նախարարը ավստրիական ORF-2 հեռուստաալիքի եթերում։
Նախարարի խոսքով՝ Ավստրիայում բոլորը նստած են մեկ նավակում համավարակի դեմ պայքարում, ուստի որոշ սահմանափակումներ պետք է օգնեն խուսափել համընդհանուր լոքդաունից։ Պատվաստվածների նկատմամբ լրացուցիչ միջոցների մասին որոշումը ընդունվել է չորեքշաբթի, ավելացրել է Մյուքշթայնը։
Ավստրիայում COVID-19-ի հետ կապված բարդ իրավիճակի պատճառով նոյեմբերի 15-24-ը լոքդաուն է մտցվել 12-ից բարձր տարիքի մարդկանց համար (մոտավորապես 1,5-2 մլն մարդ), որոնք պատվաստված չեն կամ չեն վարակվել կորոնավիրուսով։ Չպատվաստվածներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն սուպերմարքեթներում գնումներ կատարելու, դեղատներ գնալու, կարիքավորներին օգնություն ցուցաբերելու, աշխատանքի գնալու, զբոսանքի համար։ Նոյեմբերի 8-ից չպատվաստվածները չեն կարող այցելել բարեր, գեղեցկության սրահներ, ֆիթնես-կենտրոններ, կինո, թատրոն եւ ապրել հյուրանոցներում։ Հանրային հաստատություններ այցելել կարող են միայն վկայականներ ունեցողները, ավստրիական կաննոների համաձայն՝ «երկու Պ» ունեցողները, այսինքն՝ պատվաստվածները կամ կորոնավիրուսային վարակը հաղթահարածները։
Ավստրիայում նոյեմբերից սկսել են խստացնել կորոնավիրուսային սահմանափակումներն ամենօրյա ռեկորդային թվերի պատճառով. վերջին շաբաթներին ամեն օր գրանցվել է մոտ 12 հազար նոր վարակված։ Հիվանդացողների մեջ շատ են պատվաստվածները, ուստի Ավստրիայում հայտարարել են բնակչության վերապատվաստման մասին։ Իրավիճակը վատթարանում է հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությամբ։ Ներկայում երկրում պատվաստված է մոտ 6 մլն մարդ (բնակչության ընդհանուր թիվը՝ 8,9 մլն)։