Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Սիրելի հայրենակցինե՛ր
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները, զրկված են պետպատվերով անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման հնարավորությունից։ Այդպես լինելու է մինչև 2022 թվականը։ Պատճառը փողի բացակայությունն է։
Առողջապահության նախարարը ստեղծված իրավիճակը բացատրում է բյուջետային գերածախսով։ Ասում են՝ հիվանդների, հետազոտվողների քանակը պետական բյուջեով նախատեսվածից շատ է և դա է պատճառը, որ իրենք բժշկական կենտրոններին առաջարկել են հիվանդներին հերթագրել և ըստ հրատապության բուժում կազմակերպել։
Հիմա պատկերը հետևյալն է՝ հիվանդներին պետպատվերով չեն սպասարկում։ Շատ չնչին են բացառությունները։ Սա բառիս բուն իմաստով հանցագործություն է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում և պետական կառավարման համակարգի ֆիասկո։
Սա աննախադեպ երևույթ է։ Ժողովրդի անունից հանդես եկող, բյուջետային աննախադեպ մուտքերով գլուխ գովող իշխանությունը հայտարարում է, որ բյուջեի գումարները պետպատվերի մասով սպառվել են, և ինքը քաղաքացիներին, այդ թվում՝ հպարտներին, առաջարկում է հերթագրվել բժշկական կենտրոններում, սպասել իրենց հերթին մինչև 2022 թվականը։
Պատկերացնո՞ւմ եք, սրտի հետ կապված անհետաձգելի վիրահատության ու քաղցկեղի հետազոտության կարիք ունեցողին առաջարկում են սպասել։ Ու այս ամենը իշխանական պատգամավորների գերթանկարժեք հանգստի, իրենց կյանքի որակի կտրուկ փոփոխության և իշխանավորների անվտանգությանը վերաբերող գերծախսերի ֆոնին։
Կառավարությունը Սահմանադրությամբ ու օրենքով ամրագրված դրույթներով պարտավո՛ր է միջոցներ գտնել և ապահովել մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող հիվանդությունների բուժումը։ Թե չէ ի՞նչ է նշանակում հերթագրվեք ու սպասեք։
Եվ այս ամենի ֆոնին չակերտավոր ժողովրդական է հնչում Փաշինյանի աշխատակազմի նախաձեռնությունը, որով առաջարկվում է պետական բյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ-ի նախագահի ընտանիքներին բուժօգնությամբ ապահովել։ Բացի այդ, առաջարկվում է անձնական բժիշկով ապահովել ԱԺ-ի նախագահին։
Սա՞ է «Ապագա կա» կարգախոսի գործնական կիրառումը։ Հարցս հռետորական է»։