կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-05 13:09
Հասարակություն

25-ամյա երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել, դանակահարել 20-ամյա երիտասարդին. նա ձերբակալվել է. ՔԿ

25-ամյա երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել, դանակահարել 20-ամյա երիտասարդին. նա ձերբակալվել է. ՔԿ

Կոտայքի մարզում սպանության փորձ է տեղի ունեցել, 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

«2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչը գնացել է Կոտայք գյուղի բնակչի տուն, որը զբաղվում է ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմամբ, հանդիպելով նրան ու վերջինիս 20-ամա որդուն՝ վիճաբանել է նրանց հետ իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ, սակայն հարևանների միջամտության արդյունքում երիտասարդը հեռացել է՝ խոստանալով վերադառնալ: Մոտ 30 րոպե անց վերջինս հոր, մոր և ևս մի քանի անձանց հետ վերադարձել է նշված տուն, որտեղ վերջիններս վիճաբանել են տանտիրոջ և նրա որդու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող անձանց հետ: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդի հայրը փայտե մահակով հարվածներ է հասցրել Կոտայք գյուղի բնակչի ընտանիքի անդամներից մեկի մարմնի տարբեր մասերին, իսկ 25-ամյա երիտասարդը, անտեսելով դեպքի վայրում հավաքված անձանց ներկայությունը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցվել 20-ամյա երիտասարդի կենսական կարևոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հետին հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Նույն օրը՝ ժամը 05:11-ին, 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգը՝ 4 փամփուշտով, ինչպես նաև՝ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրությունում: