կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 13:53
Հասարակություն

Անցած շաբաթվա ընթացքում Արցախում ոչնչացվել է մեկ միավոր ավիառումբ, կասետային 3 հրթիռ եւ 2 պայթուցիչ. ԱՀ ԱԻՊԾ

Անցած շաբաթվա ընթացքում Արցախում ոչնչացվել է մեկ միավոր ավիառումբ, կասետային 3 հրթիռ եւ 2 պայթուցիչ. ԱՀ ԱԻՊԾ

2021 թվականի օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում առաջիկայում եւս ջերմաստիճանի նահանջ չի կանխատեսվում՝ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 39 ելք: Ստեփանակերտում գրանցվել է 13, Մարտակերտի շրջանում՝ 1, Մարտունու շրջանում՝ 10, իսկ Ասկերանի շրջանում՝ 12 դեպք: Հրդեհի մասին կանչեր են գրանցվել Շուշիի շրջանի անտառածածկ գոտում եւ Քաշաթաղի շրջանում: Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 3 կանչ: Տուժել է 11 քաղաքացի: Փրկարարները՝ ոստիկանության ծառայողների եւ շտաբ բժշկական օգնության բժիշկների օգնությամբ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: ՃՏՊ դեպքերից մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ «The Halo trust» եւ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորների հետ շաբաթվա ընթացքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ Արցախի ողջ տարածքում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել է մեկ միավոր ավիառումբ, կասետային 3 հրթիռ եւ 2 պայթուցիչ:

Կենցաղային բնույթի 45 կանչ է գրանցվել, որից 20-ը՝ ջրամատակարարման վերաբերյալ: Փրկարարները խմելու ջուր են մատակարարել Անդրանիկի, Վ.Սարգսյան, Կնունյանցների, Թումանյան եւ Մարտունի թաղամասերի բնակիչներին: Գրանցվել է հիվանդի տեղափոխման 5 կանչ, դռան՝ 7 եւ վերելակի բացման 2 դեպք:

ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի, անցած շաբաթ Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական պարապմունքները:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով իրականացրել են 6 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է 1652 աճյուն: