Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ։ Որևէ առնչություն չունեմ և չեմ կարող ունենալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իրենց ընտանիքի առաջխաղացումը՝ հորը՝ Սուրեն Բաղդասարյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելը և այս տարիների ընթացքում իր՝ Գևորգ Բաղդասարյանի առաջխաղացումը։
Հարցին՝ արդյո՞ք այդ առաջխաղացումների հիմքում ընկած է դատախազի էնտուզիազմը, նվիրումը դատական գործընթացներին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար խիստ էական են (մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահին առնչվող գործով), Բաղդասարյանն արձագանքեց, թե ինքն էնտուզիազմ և նվիրում ունի իր աշխատանքի նկատմամբ, նույն էնտուզիազմով ներկայացել է բոլոր դատական նիստերին։
«Եթե որևէ մեկը կարող է նայել աչքերիս մեջ և հերքել, ցանկացածը, որն առնչվել է իմ աշխատանքի հետ, առաջարկում եմ՝ հրապարակային հայտարարություն անի։ Ես ամենաերկարն աշխատել եմ որպես Երևան քաղաքի դատախազ, հետևաբար, մեկնաբանությունները, թե սույն գործով ներգրավվելուց հետո է առաջխաղացում եղել, ճիշտ չէ»,-ասաց նա։
Անդրադառնալով Սուրեն Բաղդասարյանի՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հարցին, Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ տրամաբանությունից դուրս է, որ գլխավոր դատախազի տեղակալը որևէ ազդեցություն կարող է ունենալ դատարանի նախագահի ընտրության հարցում, որովհետև դատարանի նախագահ ընտրվում է ԲԴԽ-ի կողմից, և ինքը որևէ կապ ունենալ չի կարող։