կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 16:09
Հասարակություն

Գիշերը մի քանի ժամ թշնամին կրակել է Տեղի ուղղությամբ

Գիշերը մի քանի ժամ  թշնամին կրակել է Տեղի ուղղությամբ

Գիշերը՝ 2-ից հետո մինչեւ 5-ը, անկանոն կրակոցներ են եղել։ Էսքան ժամանակ էդպիսի բաներ չեն եղել,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նրա խոսքով՝ հատուկենտ կրակոցներ մեկ-մեկ եղել են, բայց կրակահերթեր առաջին անգամ են գրանցվել։

«Խաղաղ է էս պահին, ամենքն՝ իր գործին։ Խոտերն էլ հնձում ենք՝ GPS-ով առաջնորդվելով, որպեսզի սահմանախախտի տպավորություն չթողնենք։ Շատ գիտեմ։ Դարձել ենք սահմանազատման աշխատանքներ կատարող»,- ասաց Ներսես Շադունցը։

Նախորդ օրը գյուղի կոմբայնավարն է հայտնվել, թշնամու ասելով, իր տարածքում․ բարեբախտաբար, միջադեպը հարթվել է, գյուղացին վերադարձել է։

«Կոմբայնը մեր տարածքում հունձ անելիս է եղել, ընդամենը շրջադարձ կատարելու ժամանակ 10 մետր մտել է իրենց տարածք, էդ պահին իրենք իջել են պոստերից, եկել, 100 մետր խորացել են մեր տարածքում, կոմբայնավարին ասել՝ քշիր, արի մեզ մոտ, սահմանը խախտել ես, որ արձանագրություն կազմենք։ Կոմբայնավարը չի գնացել, մենք հասել ենք, տեղում էդ հարցը կարգավորել»,- Yerkir.am-ին ասաց Տեղի ղեկավարը։

Սահմանային փոփոխություններ, թշնամու առաջխաղացում, ըստ նրա, չկան։ Ահազանգերի դեպքում էլ փորձում են օպերատիվ կերպով իրար տեղեկացնել, օգնության հասնել։

«Բնակիչը, երբ զանգում է ինձ, մինչեւ ես արագ հասնեմ, զանգել եմ մեր բանակային կորպուսի հրամանատարին, սահմանապահ զորքերի հրամանատարին, խաղաղապահ զորքերի հրամանատարին, ռուսները մի կողմից են եկել, մերոնք՝ մի կողմից, իրենք էլ եկան։ Որ դեպքեր են լինում, փորձում ենք էդ ճանապարհով լուծում տանք»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Շադունցը։

Նա հայտնեց, որ եթե ժամանակին չհասնեին կոմբայնավարին օգնության, չի բացառվում՝ լուրջ միջադեպեր լինեին։