Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ․ տեղեկացնում է Դատախազությունը:
Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020թ.-ի ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021թ.-ին՝ 26 որոշում:
Ուսումնասիրությունների շրջանակում իրականացվել են բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և համայնքային (ինչպես նաև պետական և համայնքային մասնակցությամբ) կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղարկվել է շուրջ 2100 հարցում, ստացվել շուրջ 2000 պատասխան: Ապօրինի ծագում ունեցող գույքի, իրական շահառուների, նրանց փոխկապակցված անձանց շրջանակը, գույքի ծավալը, ինչպես նաև ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ հանգամանքներ պարզելու նպատակով օրենքով սահմանված շրջանակներում տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 91 հանձնարարական, ստացվել՝ 61 պատասխան:
Թվով 7 ուսումնասիրությունների շրջանակում ուղարկվել են միջազգային իրավական օգնության հարցումներ, որոնցից 4-ով ստացվել է պատասխան գրություն: ՀՀ տարածքում գտնվող գույքի և (կամ) անձանց առնչությամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 4 միջազգային հարցում, որոնց շրջանակում անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Վարչության կողմից պատասխաններ են ուղարկվել հայցող պետությունների իրավասու մարմիններին:
Բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները Դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են:
Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար:
Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար: