Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ռուստաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 19-ին մասնակցել է «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը։
ԱՆ-իցհայտնում են, որ Ռուստամ Բադասյանը շնորհակալությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին հրավերի եւ ջերմ ընդունելության համար։
Հաշվի առնելով ֆորումի խորագրի ուղղվածությունը՝ Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2019-2023 թվականների ծրագրով նախատեսված էլեկտրոնային արդարադատության ոլորտում առավել նշանակալի բարեփոխումները՝ նոր, միասնական էլեկտրոնային արդարադատության պլատֆորմի՝ e-court-ի ներդրումը, որը նախատեսում է դատական գործընթացների ամբողջական թվայնացում, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառություն, դատարանների եւ պետական ու տեղական իշխանությունների միջեւ տեղեկատվության փոխանակման ապահովում, դատական որոշումների ու դատական գործերի արխիվացում եւ այլն։ Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը խոսել է նաեւ ներդրված վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգի առավելություններից, դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն միտված քաղաքացիական, վարչական եւ քրեական դատավարությունների բոլոր գործընթացները թվայնացնելու ծրագրերից, դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման նպատակով արդեն իսկ ներդրված էլեկտրոնային համակարգից, սնանկության գործընթացների թվայնացման ծրագրերից եւ այլն:
Ելույթի ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ներդրվող նոր էլեկտրոնային համակարգին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունները էլեկտրոնային հարթակով ստանալու հնարավորություններին, ինչպես նաեւ իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային հարթակին: Վերջինի առումով Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ էլեկտրոնային այդ համակարգը իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկությունը պետությանը տրամադրել էլեկտրոնային ձեւով, ինքնաշխատ եղանակով գեներացնել իրավաբանական անձի կորպորատիվ կառուցվածքը՝ արտացոլելով իրական շահառուների ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կապերը իրավաբանական անձի հետ: Համակարգը արտացոլում է նաեւ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք իրական շահառուն քաղաքական ազդեցություն ունեցող անձ է, թե՝ ոչ։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող նախագծերը շատ հավակնոտ են, անելիքները շատ, իսկ գործընկերների հետ համատեղ փորձով կիսվելու շահագրգռվածությունը՝ մեծ։