կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 13:38
Տարածաշրջան

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության բանակցություններն ավարտվել են ապարդյուն

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության բանակցություններն ավարտվել են ապարդյուն

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ԵՄ միջնորդությամբ անցկացվող բանակցություններն ընդդիմության հետ ավարտվել են ապարդյուն: Երկխոսության հաջորդ փուլը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում`Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ բանագնաց Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ, տևել է գրեթե 10 ժամ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարզելը և ԱՄՆ դեսպան Քելի Դագնանը:

Բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ: Լրագրողների հետ զրույցում շվեդ դիվանագետն ասել է, որ մարտի 19-ի առավոտյան ինքը կթողնի Վրաստանը և կվերադառնա Բրյուսել: Նա խոստացել է, որ կտեղեկացնի Շառլ Միշելին քննարկումների ընթացքի մասին:

Դանիելսոնը նաև շեշտել է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները շատ ինտենսիվ են աշխատել՝ օգնելու համար Վրաստանի քաղաքական կուսակցություններին՝ համաձայնության գալ և վերացնել առկա ճգնաժամը: Ըստ նրա՝ փակուղային իրավիճակից դուրս գալը երկրի ղեկավարների համար կնշանակեր, որ նրանք կարող են իրենց ուշադրությունը կենտրոնացնել համաճարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հետ կապված խնդիրների լուծման վրա, շարունակել եվրոպական ինտեգրման ուղին և ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը:

Դիվանագետը նշել է, որ մարտի սկզբին Թբիլիսի կատարած այցի ընթացքում Շառլ Միշելի թողած՝ 6 կետից բաղկացած համաձայնագրի որոշ հարցերի շուրջ որոշակի առաջընթաց է գրանցվել:

«Քաղաքական ճգնաժամից ելք գտնելու պատասխանատվությունը կրում են Վրաստանի քաղաքական առաջնորդները: Հուսով եմ, որ այժմ կողմերը լրջորեն կանդրադառնան այս իրավիճակին և հետագա ուղուն»,- ասել է Դանիելսոնը` շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է փոխզիջման կամք: Սա, իր հերթին, միջնորդական գործընթացն ավելի բեղմնավոր կդարձնի:

«Ես հավատում եմ, որ վրաց ժողովուրդն արժանի է դրան»,- եզրափակել է Քրիստիան Դանիելսոնը: